15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչքան հեշտ պիտի լինի հաղթահարել ամեն ինչ

«Մի հապաղիր կարոտյալին բարություն անել,
երբ քո ձեռքը կարող է օգնել նրան» (Առակ․3։27)

Այս խոսքը ես վերցրել եմ Առակաց գրքի 3-րդ գլխի 27 համարից, ուր Հիսուս մեզ ցույց է տալիս բարության եւ ողորմության ճանապարհը։

«Ի՞նչ է բարությունը, և կամ ի՞նչ է ողորմությունը։ Ի՞նչ կապ կա այս երկուսի միջև։ Արդյոք սրանք իրար լրացնո՞ւմ են կամ հակառակը»։

Աստված բարի է և ողորմած է։ Անսահման է Նրա բարությունը մեր նկատմամբ։ Ամեն անգամ մեր աղոթքների մեջ խնդրում ենք, որ Աստված մեր մեղքերին թողություն տա ու ողորմած լինի մեր հանդեպ։ Ընդհանրական հայրերից մեկն ասում է․ «Քո ողորմությունը թաքցրու աղքատի ծոցում, որպեսզի Դատաստանի օրը այն գտնես Քրիստոսի ծոցում»։

Առակած գրքից վերցված իմ բնաբանը․ «Մի հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ Չասես թե՝ «Գնա, կգաս՝ վաղը կտամ, մինչդեռ կարող ես բարությունդ անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ» (Առակ․3։28) մեզ մտածելու առիթ է տալիս ու մի քանի հարցեր առաջացնում, թե ես ի՞նչ պարտավոր եմ բարություն անեմ կամ բարի լինեմ, երբ որ ամեն կողմ չար մարդիկ ավելի շատ հարգանք ու հեղինակություն ունեն, քան մենք, որ բարի ենք։ Գոնե ժողովրդի մի մասը այսպես է մտածում։ «Արդյոք այսպես մտածող մարդիկ իրավացի՞ են կամ ոչ», կարող է հարցնել որևէ մեկը։ Իմ պատասխանը ոչ է, քանի որ Աստված բոլորին հավասար աչքով է նայում և բարուն և չարին։

10-րդ դարի աղոթասաց Սբ․ Գրիգոր Նարեկացին ասում է․ «Ամբողջ մարդկության մեղքը եթե վերցնենք, ապա այն նմանվում է մի փխրուն հողի, որը պետք է հալվի և վերանա աստվածային անսահման օվկիանոս ողորմության մեջ»։

Բարի գործը և ողորմությունը չափ ու սահման չունեն։ Ամեն մարդ անում է իր հնարավորության սահմաններում։ Հիշենք Ավետարանից Այրի կնոջ լումայի առակը, երբ Հիսուս Իր առաքյալներին ասած․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, որ ուներ` իր ամբողջ ապրուստը» (Մարկ. 12.41-44): Այրի կինը ընդամենը երկու լումա էր գցել գանձանակը։
Պողոս Առաքյալը Հռոմեայեցիներին ուղղած իր թղթում ասում է․»Մի ձանձրացեք բարին գործելուց, որովհետև հարմար ժամանակին պիտի հնձենք առանց թուլանալու» (Հռոմ․ 6։9)

Այս պատմությունը հետաքրքիր է և կոչվում է «Բարի տղան»։

«Ձմեռ էր: Քայլում էին շատ տաք ու ճաշակով հագնված հայր և որդի, ովքեր տաք վերար-կուներ, տաք ձեռնոցներ ունեին և ուրախ ու անհոգ ժպտում էին: Հանկարծ մյուս մայթից հայտնվում է դողահար ու ցրտահար մի մամիկ, ծեր կին՝ թևա-տակին մի փաթեթ գրկած: Հայր ու որդի մի պահ կանգ են առնում ու հայացքով ուղեկցում այդ խղճուկ հագնված և ցրտից կծկված կնոջը: Հանկարծ Երվանդը, պոկվում է տեղից ու վազում կնոջ ետևից: Հայրը հազիվ է հասցնում որդուն կանչել,- «Երվանդ, այդ ո՞ւր…»:

Երվանդը հասնում է կնոջը, թևերը բացելով գրկում է մամիկի ուսերը, ասես ուզում էր իր բրդոտ երկտակ վերարկուով տաքացնել նրա ոսկրացած, ցրտահար ուսերը: Եվ հանկարծ, զարմանալի բան է կատարվում․ Երվանդը հանում է իր բաճկոնը ու գցում նրա ուսերին, նրան հագցնելով նաև իր տաք ձեռնոցները։ Մամիկը կատարվածից ապշահար զարմացած նայում էր Երվանդին: Մի պահ նրանք խոսում էին իրար հետ: Նայողները չէին լսում, քանի որ նրանք հեռու էին: Երևում էր նրանք ինչ որ մտքեր էին փոխանակում:

Երվանդի ձեռքում էր մամիկի թղթե փաթեթը: Հպարտ կեցվածքով, ինքնագոհ, ուրախ ժպիտը դեմքին, նույն արագությամբ ինչպես որ պոկվել էր տեղից, Երվանդը մոտենում է հուզված հորը և ներողամտորեն ասում. «Հայրիկ, սա մամիկը տվեց»: Փաթեթում թաշկինակի մեջ փաթաթվածը՝ հնամաշ մի Աստվածաշունչ էր, լավագույն հատուցումը Երվանդի բարության, սրտացավության ու նվիրումի դիմաց:

Հայրը գրկեց ասես մեկ րոպեում հասունացած իր որդուն»: Երվանդը փոքր տարիքից լավ էր հասկացել Հիսուսի խրատը՝ օգնել, սիրել տկարին, անօգնականին, հիվանդին ու կարիքավորին:

Այո, ինչ բարի գործ որ պիտի անենք, այսօր անենք, որովհետև չգիտենք, թե վաղը ի՞նչ է բերելու մեզ։ Ապրենք ամեն օրով և փորձենք մեր հնարավորության սահմաններում մի բարի գործ կատարել, գործ, որը եթե մենք չլինենք էլ, կհիշեցնի մեր գոյության մասին։ Մեզ պիտի հիշեն այն սիրո ու բարի գործերի համար, որոնք մենք հիշատակ կթողնենք այս կյանքում։

Եվ եթե ամեն օր անձանձրույթ աղոթենք հիվանդների, տկարների, անօգնականների, ինչո՞ւ չէ նաև մեր թանկագին ծնողների ու բանտարկյալների համար, կտեսնենք թե ինչքան հեշտ պիտի լինի հաղթահարել ամեն ինչ և կյանքը ավելի գեղեցիկ ու գրավիչ կլինի։ Ամեն։

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ