Ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է (վիդեո)
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նոր կազմով առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀԿ համագումարին ԳՄ անդամների կողմից, տրված խորհուրդների վերաբերյալ, կուսակցության անելիքի վերաբերյալ: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Համագումարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քաղաքական օրակարգի թիվ մեկ դերակատարը ՀՀԿ-ն է, այն ունի առաջ շարժվելու ու եղածը պահպանելու ներուժ, բարեփոխվելով ու հանրային կյանքի բոլոր ոլորտներում որակական փոփոխություններ անելով»,-նկատեց նա:
Շարմազանովը շեշտեց, որ մինչ օրս ընդդիմության կողմից այլընտրանքային որևէ ծրագիր, քաղաքական օրակարգ ներկայացված չէ:
Հարցին, թե արդյոք քննարկվել է՝ ով է զբաղեցնելու կուսակցության նախագահի առաջին տեղակալի հարցը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Մեր կուսակցության կանոնադրության համաձայն կուսակցության փոխնախագահները, հանձնաժողովի անդամներն ընտրվում են խորհրդի նիստի ժամանակ, օրը դեռևս հայտնի չէ, սակայն մինչև դեկտեմբերի 25-ը կհրավիրենք առաջին նիստը և կորոշենք: Իհարկե, խորհուրդն է որոշելու, բայց այս պահին ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է»: