Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայում ու Բելգիայում
Նոյեմբերի 27-30ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում և Բելգիայում:
Նոյեմբերի 27-ին փարիզյան այցի շրջանակներում նախարարը ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի ուղեկցությամբ Տուրտանի գերեզմանատանը մասնակցել է Նապոլեոն Բոնապարտի հայ թիկնապահ Ռուստամ Ռազայի հիշատակի խաչքարի բացման արարողությանը: Այնուհետև Հրանուշ Հակոբյանը ներկա է գտնվել Ալֆորվիլի հայ մշակույթի տան կողմից կազմակերպված «Armen’Livres» հայ գրքի 12-րդ տոնավաճառին, շրջել է տաղավարներում, ապա այցելել է Փարիզի Հայոց Ս. Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցի, հանդիպել և առանձնազրույց է ունեցել եկեղեցու տեսուչ Հուսիկ քահանա Սարգսյանի և Թեմական խորհրդի ատենապետ Պատրիս Ջոլոլյանի հետ:
Սփյուռքի նախարարը այցելել է Ալֆորվիլ քաղաքի Սբ. Մեսրոպ հայկական կրթօջախ, հանդիպել է ուսուցչական կազմի, աշակերտների և տնօրինության հետ: Քննարկվել են կրթօջախի և նախարարության համագործակցության ուղիների, նախարարության ծրագրերում նրանց ներգրավվածությունն ապահովելու հետ կապված հարցեր:
Այնուհետև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի նախաձեռնությամբ ՀԲԸՄ Փարիզի մշակութային կենտրոնում Սփյուռքի նախարարը հանդիպում է ունեցել Ֆրանսահայ համայնքի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են մոտ երկու տասնյակ ֆրանսահայ առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարարը ներկայացրել է նախարարության ծրագրերը: Քննարկվել են համագործակցության ակտիվացմանն ուղղված առաջիկա քայլերն ու միջոցառումները:
Նախարարը կոչ է արել մշտապես զորավիգ լինել Արցախի ժողովրդին և միանալ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը, պատասխանել է մասնակիցներին հուզող հարցերին:
Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը Փարիզի ՀԲԸՄ-ի «Ալեք Մանուկյան» կենտրոնում հանդիպում է ունեցել նաև ՍԴՀԿ անդամների հետ, անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին առնչվող խնդիրներին:
Նույն օրը Սփյուռքի նախարարը մասնակցել է Փարիզը և շրջակա դեպարտամենտները ներառող Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ տիկին Վալերի Պեկրեսի և շրջանի փոխնախագահ Պատրիկ Կարամի կողմից տրված պաշտոնական ճաշին: Քննարկվել են Իլ դը Ֆրանս շրջանի կողմից հայ համայնքի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերը, Փարիզում հայկական մշակույթի օրերի կազմակերպման հնարավորության հարցերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Սփյուռքի նախարարն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
Պատրիկ Կարամը նաև Արևելքի վտանգված քրիստոնյաների համակարգող խորհրդի նախագահն է, ուստի քննարկվել են նաև Սիրիայի և Իրաքի հայ համայնքներում առկա մարտահրավերները:
Հանդիպման ընթացքում Վալերի Պեկրեսն առաջարկել է սերտացնել համագործակցությունն իրենց տարածաշրջանի և Հայաստանի միջև:
Նոյեմբերի 29-ին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է նաև Բելգիայի Թագավորություն: Այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել Բրյուսելում, որոնց ընթացքում նրան ուղեկցել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:
Առավոտյան նախարարն այցելել է Բրյուսելի հայ առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Բենելյուքսի փոխանորդ Հոգեշնորհ Տեր Զատիկ Վարդապետ Ավետիքյանի և ծխական խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել եկեղեցու հոգևոր այրերը, դպրաց և սարկավագաց դասը, երգչախմբի անդամները, եկեղեցու հոգաբարձուների խորհրդի ատենապետ Գրիգոր Պողոսյանը: Հանդիպմանը քննարկվել են բելգիահայ համայնքի իրավական կարգավիճակին, համայնքային կյանքին և ապագա անելիքների առնչվող հարցեր:
Երեկոյան Բրյուսելի Հայ տանը կայացել է հանդիպում, որին ներկա էին Բելգիայի հայկական կազմակերպությունների, միությունների, համայնքի շուրջ 200 ակտիվ անդամներ: Սփյուռքի նախարարը տեսանյութերի միջոցով ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության հայեցակարգային մոտեցումները, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը, իրականացրած աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Ապրիլյան պատերազմի օրերին համայնքի կողմից ցուցաբերված նյութական և ֆինանսական աջակցության համար Հրանուշ Հակոբյանը Բելգիայի հայ համայնքին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագիր: Նախարարը խոսել է նաև «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժման մասին՝ կոչ անելով բելգիահայերին ևս միանալ այս շարժմանն ու մշտապես զորավիգ լինել Արցախի ժողովրդին, նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, տնտեսության զարգացմանը, սոցիալական, մշակութային խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին: Այնուհետև Սփյուռքի նախարարը պատասխանել ներկաների հարցերին:
Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր է հանձնել Հայ տանը կից գործող հայկական դպրոցի երկու ուսուցիչների՝ Լիանա Մելքոնյանին և Հռիփսիմե Հարությունյանին: