Բուհերի անվճար տեղերը բանակից խուսափելու միջոց են միայն. Բլեյան

“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարծում է, որ եթե բուհերը գտնում են, որ ուսման վարձրերը 100 հազար դրամ բարձրացնելով` չեն կորցնի ուսանողներ, ուրեմն պետք է բարձրացնել:
“Որ պրոֆեսորները խղճուկ աշխատավարձ են ստանում, դա փաստ է: Որ ֆինանսները ճիշտ չեն տնօրինվում, դա էլ է այդպես: Բուհերը իրենց պահելու խնդիր են լուծում”: Բլեյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 2013-14թթ. դիմորդների քանակը ավելի քիչ է, քան բուհերի տրամադրած տեղերը:
“Դա ունի նաև այլ կողմը. այն ուսանողը, ով չի կարող մուծել տարեկան օրինակ 500 հազար դրամ, այլ համալսարան կդիմի: Խնդիրը քաղաքացու մեջ է: Նա պետք է հստակ իմանա` ընդունվելուց հետո կկարողանա աշխատանք գտնել, թե ոչ: Պարզվում է`դա բուհի գործն էլ չի: Իմ կարծիքով, եթե մի քանի բուհեր մի քանի տարով փակվեն, հասարակությունը դա չի զգա: Այժմ մենք ունենք մասնագետների գերարտադրություն”:
Պարոն Բլեյանի համոզմամբ` լուծումը կայանում է բուհերի կողմից համապատասխան աշխատանքի կազմակերպումով. “Բուհը պետք է որոշակի ցուցակ բացի և տանի հաշվառում, թե որ բուհի որ շրջանավարտի կարիքը կա”: Նախկին ԿԳ նախարարը դեմ է բուհերի հատկացրած անվճար տեղերին` դրանք համարելով բանակից խուսափելու միջոց միայն:
“Իրավաբանական ավարտելը միայն պրեստիժ է: Իրավաբանական մի գնա, այլ տեղ գնա սովորի: Ո՞ւմ համար են այդ անվճար տեղերը: Թող ստեղծեն մի հիմնադրամ, դիմորդը ընդունվի և ապացուցի, որ գումարի կարիքը ունի, թող հիմնադրամը բաց կերպով որոշի, թե ով է արժանի այդ հիմնադրամի աջակցությանը:
Այժմ էլ բանակից տարկետման համար են այդ անվճար տեղերը: Ես դիմում եմ, որ հանեն այդ կետը , սակայն չեն անում: Անվճար սովորելը կապ չունի բանակում ծառայելու հետ”,-նկատեց Աշոտ Բլեյանը: