27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Աստված մի արասցե` հայ-թուրքական սահմանը բացվի»

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ նախ հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություններից մեկի մեջ մեզ անվանեց ահաբեկիչ. «Ահաբեկչության օրրաններից մեկը հասավ նրան, որ Եվրոպայում մեզ անվանեց ահաբեկիչ: Նա ասաց, որ քառօրյա պատերազմին էլ ստիպված էին իրենք պաշտպանվել ահաբեկիչների դեմ: Այս խայտառակ ու սարսափելի բանաձևին ընդդիմացավ ԱԳՆ-ն` Նալբանդյանի շուրթերով, և անցավ, գնաց: Բայց Եվրոպայում այդ հայտարարությունը մնաց, ֆիքսվեց: Իրականում, մենք հոդաբաշխ, ադեկվատ պատասխան չտվեցինք, պարտավոր էր Սերժ Սարգսյանն ինքը անդրադառնալ սրան»,-նկատեց նա:

Գուրգեն Եղիազարյանն ընդգծեց` ընդդիմադիրներից որևէ մեկը հանկարծ անդրադառնում է կարմիր գծերին, իշխանավորները կուրծք են ծեծում, պաշտպանում, հակադարձում, սակայն հարկ էր նույն էներգիայով միջազգային կառույցներում պաշտպանել ու վեր բարձրացնել պատմական ճշմարտությունը, իսկ ազատ ու անկախ Արցախին էլ ահաբեկչի ու ագրեսորի պիտակ չէր կպցվի:

«Արդեն ուշ է, գնացքը գնաց: Այ գիծ լինի, ժամերով խոսան դրա մասին»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է միավորվելու, բռունցքվելու կոչերին, ապա բանախոսը դեմ չէ, սակայն գիտի` ամեն անգամ միավորվում են, հետո ընտրակեղծիքներով լի ընտրությունները նույն վիճակն են թողնում. «Եթե այս անգամ էլ ընտրությունները կեղծվեն, կարող է վտանգվի պետականությունը, արտագաղթի հոսքը ավելի ու ավելի շատանա»:

Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի մասին նա խոսեց ֆուտբոլային դիվանագիտության լեզվով ու ասաց, թե կիսապաշտպանի հարցազրույց էր: «Մի բան դուրս եկավ. շատ լավ էր ձևակերպված ինքնորոշման պահը, Հելսինկյան ֆոնի վրա ինչպես են փորձում ինքնորոշումը խաբել տարածքային ամբողջականությամբ, այս անգամ նրան հաջողվեց հոդաբաշխ ասել ինքնորոշումը, որը  ցանկացած պետականության կարևորագույն պահերից մեկն է»:

Հայ-թուրքական հարաբերությունների բացման մասին ԱԱԾ պետի նախկին տեղակալն ընդգծեց, որ ցյուրիխյան արձանագրությունները վերջին տարիներին հայ ազգին ամենաստորացնող փաստաթղթերից էր: «Այս ամբողջ պարտությունների շարանից հայ ազգը չի կարողանալու փախչել: Այդ ստորագրությունը թեորեմ սարքեց այդ եղելությունը: Ստացվում է` մեր պատմաբանները պիտի նստեն, ասեն` եղել է, թուրքերն ասեն` ոչ: Հիմա եթե մի երկիր ցանկանա ճանաչել Ցեղասպանությունը, դեսպանը չի՞ ասի, թե Հայաստանը ստորագրել է արձանագրությունների տակ, ու այդտեղ ամեն ինչ մարվում է:

Մեկը ես չեմ ցանկանում, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Աստված մի արասցե, որ բացվի»:

Գ. Եղիազարյանը հիշեցրեց, որ 3 տարի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ 6000 անբարո կին է արտաքսել Թուրքիայից ու դա փակ սահմանի դեպքում, իսկ բաց սահմանի դեպքում այդ մարդկանց թիվը կաճի: «Այդ կանայք ուր գնային, միայն Թուրքիա չպիտի գնային: Իսկ պատկերացնո՞ւմ եք` նման իշխանություններով, նման վիճակում ի՞նչ կլինի…Հայաստանը կդատարկենք, դա՞ են ցանկանում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ