27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բանակցային թիմերն առաջընթաց են արձանագրել

Հայաստանի ԱԳ նախարարի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին՝ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով կայացած համատեղ մամուլի ասուլիսին

 

Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ Երևանում ողջունել Եվրոպական միության հանձնակատար Հանին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Բեյաղին, Արևելյան գործընկերության երկրների պատվիրակություններին:

Այսօր Հայաստանում մենք երկրորդ անգամ ենք հյուրընկալում այս ձևաչափով հանդիպումը: Նախորդը տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերին:

Իմ գործընկերների հետ արդյունավետ քննարկումներ ունեցանք Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության համար կենսական բոլոր ուղղություններով:

Հայաստանը կարևորում է իր ներգրավվածությունը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, և այսօրվա հանդիպման անցկացումը Երևանում դրա հերթական վկայությունն է:

Մենք անդրադարձանք Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին։ Այն կարևոր հանգրվան հանդիսացավ Եվրոպական միության ու գործընկեր երկրների միջև հարաբերությունների զարգացման համար: Իսկ դրա արդյունքում ընդունված համատեղ հռչակագիրը արժեքավոր շեշտադրումներ արեց ու սահմանեց հիմնական ուղենիշները՝ անդամ և գործընկեր երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության զարգացման համար:

Վերջին երկու տարիներին Ռիգայի հռչակագրի դրույթների իրագործումը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Հայաստանի պարագայում կարող եմ ասել, որ անցնող տարվա ընթացքում տեսանելի արդյունքների ենք հասել. կայացել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեց փուլ, և կողմերին հաջողվել է գրանցել զգալի առաջընթաց: Միացել ենք ԵՄ մի շարք ծրագրերի, ինչպիսիք են՝ փոքր և միջին ձեռնարկություննեի զարգացման COSME ծրագիրը, հետազոտությունների ու նորարարության Horizon 2020 ծրագիրը: Մեկնարկ է տրվել Ստեղծագործ Եվրոպա նախաձեռնությանը միանալու գործընթացին, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել մշակութային փոխանակումների շրջանակը։ Ակնկալում ենք նաև, որ առաջիկայում կսկսեն բանակցությունները Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու ուղղությամբ, ինչպես նաև հուսով ենք՝ շուտով կմեկնարկի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:

Կցանկանայի տեղեկացնել, որ սկսվել են Հայաստանի և Եվրոպական միութան միջև 2017-2020 թվականների համար գործընկերության առաջնայնությունների շուրջ մեր խորհրդակցությունները։

Օգտագործելով այս առիթը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։

Համոզված եմ, որ, 2017թ. կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, այսօրվա թե արտաքին գործերի, և թե գիտության ու նորարարությունների հարցերով նախարարական քննարկումների արդյունքներն իրենց դրական ներդրումը կունենան Եվրոպական միության և գործընկեր երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման գործում:

Շնորհակալություն։

 

Ազատություն ռադիոկայան. Ի՞նչ եք կարծում. Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագիրը ե՞րբ է կնքվելու:

Էդվարդ Նալբանդյան (ի լրումն Յոհանես Հանի պատասխանի). Ես կցանկանայի ավելացնել, որ բանակցությունները մեկնարկել են, ինչպես գիտեք, 2015թ. դեկտեմբերին: Այս ընթացքում մենք ունեցել ենք բանակցությունների վեց փուլ: Դրանք բավական հաջող բանակցություններ են եղել: Բանակցային թիմերն առաջընթաց են արձանագրել: Հաջորդ փուլը նախատեսված է դեկտեմբեր ամսին:

Կարծում եմ, որ ևս երկու-երեք փուլ, չեմ կարծում, որ ավել մենք կարիք կունենանք, մենք կավարտենք բանակցությունները: Եվ երբ որ մենք ավարտենք բանակցությունները, Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել:

Իհարկե, մենք հասկանում ենք, որ Եվրոպական միությունը ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա, հուսով ենք, նաև վստահ, որ ներքին համաձայնեցման գործընթացն արագ կլինի, և Եվրոպական միությունն էլ պատրաստ կլինի ստորագրելու, և մենք կստորագրենք այդ շրջանակային համաձայնագիրը: Բայց ամենակարևորն այն է, որ երկու կողմն էլ՝ թե Հայաստանը, թե Եվրոպական միությունը, ցանկանում են, որ այդ շրջանակային նոր համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև հնարավորինս լիակատար արտացոլի հարաբերությունների այն որակը, խորությունը և ծավալը, որ մենք ունենք ԵՄ հետ: Դրա վրա ենք մենք աշխատում: Հարցն այն է, որ դա որոշակի գործընթաց է, որը պետք է ավարտին հասցնենք, բայց ինչպես պարոն Հանն ասաց՝ շատ շուտով է դա լինելու:

Շանթ ՀԸ. Պարոն Նալբանդյան, շրջանակային համաձայնագիրն ինչպիսի՞ ուղղություններով է գնալու և ինչո՞վ է այն տարբերվում այն նախագծից, որը ժամանակին, այսպես ասած, ձախողվեց:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Ձեր հարցին, նշեմ, որ, կարծում եմ, որ և Հայաստանի, և ԵՄ ցանկությունն է ընդգրկել նոր շրջանակային համաձայնագրի մեջ առավելագույնը, ինչի շուրջ մենք կարող ենք պայմանավորվածության գալ:

Հիշեցնեմ, որ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ բարձր ներկայացուցիչ Էշթոնի հետ մենք փոխանակեցինք նամակներ, որտեղ թե մեր կողմից, թե Եվրոպական միության կողմից հստակ նշվում էր, որ՝ այո, մենք պատրաստ ենք գնալ բոլոր ուղղություններով և որքան հնարավոր է խորը և հեռու մեր համագործակցության, փոխգործակության շրջանակներն ընդլայնելով՝ նկատի ունենալով Հայաստանի պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում: Ցանկությունն այն է, ինչպես նշեցի, որ այդ նոր շրջանակային համաձայնագիրն արտացոլի մեր հարաբերությունների ամբողջ էությունն ու խորությունը, ինչպես նաև հարաբերությունների այն բարձր մակարդակը, որն այսօր արդեն առկա է։ Հավելեմ նաև, որ տարիներ շարունակ մենք այդ հարաբերությունները խորացնում, ընդլայնում և զարգացնում ենք ԵՄ հետ:

Արմենիա ՀԸ. Պարոն Նալբանդյան, նշեցիք Ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու շուրջ բանակցությունների մասին: Կխնդրեմ՝ մի փոքր մանրամասնեք, թե ինչ գոտու մասին է խոսքը: Ի՞նչ է դա նշանակում կոնկրետ Հայաստանի համար:

Էդվարդ Նալբանդյան. Ես հույս հայտնեցի, որ այդ բանակցությունները կմեկնարկեն: Իսկ մեկնարկելուց առաջ պետք է համապատասխան մանդատ տրվի ԵՄ կողմից, որը դեռ չի տրվել:

Մենք ակնկալում ենք, որ այդ որոշումը կլինի դեկտեմբերի սկզբին: Երբ այդ որոշումը լինի, մենք էլ ձեզ կներկայացնենք մնացած բոլոր մանրամասները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ