Ն. Զոհրաբյանը պահանջում է տղամարդկություն դրսևորել
«Այս պահին կարևոր չէ, թե որ կուսակցության՝ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, թե «Լուսավոր Հայաստանի» անդամներն են քվեարկել Մամիկոն Ասլանյանի օգտին: Հիմա դիմում եմ իրենց՝ էդքան «տղամարդկություն» եք ունեցել՝ թաքուն, գողեգող գնացել, քվեարկել եք, ուրեմն՝ ունեցեք տղամարդկություն՝ կանգնելու ու ասելու՝ դուք եք եղել, լավ եք արել, ինչ եք արել, ձեր գործն է, որից հետո նոր ավագանին կսկսի աշխատել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Վանաձորի ընտրություններում քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի օդտին քվեարկած ընդդիմադիրներին:
Պատգամավորը պնդեց՝ մինչև այդ 4 անձը չբացահայտվի, որպեսզի պատասխանատվությունը չլղոզվի, Վանաձորի ավագանին չի աշխատելու: «Ինձ ասում են՝ մտավախություն չունեք, որ ԲՀԿ-ից կարող են լինել, ոչ, չունեմ»,- նկատեց նա: Պատգամավորն, անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ Վանաձորում հարցում անել և վիճակի մասին նրանցից կարծիք հարցնելու առաջարկին , շեշտեց թե ցանկացած ելք քննարկելի է: Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ առաջարկվածը ոչ թե ելք է, այլ պատասխանատվության լղոզում է:
«Մինչև այդ 4 –ի բացահայտումը կոալիցա կազմելը նշանակում է, որ մենք այդպես էլ չենք իմանա՝ ովքեր էին այդ 4-ը, և կուսակցություններից յուրաքանչյուրի վրա խորհրդարանական ընտրությունների առաջ կմնա այդ խարանը: Դրա համար եմ ասում՝ այդքան տղամարդ եք եղել, եթե դուք տղամարդ եք իրականում, գնացել թաքուն քվերկել եք, ուրեմն՝ տղամարդկություն ունեցեք և ասեք, որ դուք եք եղել»,- շարունակեց պատգամավորը: Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոլ Ասլանյանը պետք է հրաժարական տա. «Իմ համար արտառոց է, որ երբ քաղաքապետին հարցնում են, թե որքան պետք է շարունակվի այս իրավիճակը, նա ասում է՝ ինչքան դիմանա Վանաձորը: Այսինք՝ թող Վանաձորը հրաժարական տա, ինքը չի տա»,-եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը: