Դրա իմաստը չկա. Էդմոն Մարուքյանն՝ Արթուր Բաղդասարյանից
«Հետաքրքիր արձանագրում կարող է լինել այդ ցույցից հետո: Իհարկե, Սահմանադրությամբ` յուրաքանչյուր ոք խաղաղ ցույցերի ու երթերի անցկացման իրավունք ունի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ խոսելով մամուլի հրապարակումից, թե ՀՀԿ-ը պատրաստվում է Վանաձորում ակցիա անցկացնել՝ ի սատարում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Դիտարկմանը, թե Մամիկոն Ասլանյանը Վանաձորում մի քանի քաղաքական ուժերի հետ հանդիպումներ է ունեցել ու քննարկել քաղաքում ստեղծված իրավիճակը, և հարցին՝ ինքը հանդիպել է, պատգամավորը պատասխանեց. «Ես որևէ տեղեկություն չունեմ, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Ինքս կամ մեր կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ չի հանդիպել պարոն Ասլանյանի հետ: Այս դեպքի համար կա շատ պարզ մի ինդիկատոր, այն է, որ եթե ունեն մեծամասնություն, ապա կարող են քաղաքը կառավարել, նիստեր գումարել, որոշումներ ընդունել, եթե չունեն մեծամասնություն, պետք է հրաժարական ներկայացնեն: Մեր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել»:
Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի՝ օրեր առաջ արած հայտարարությանը՝ Վանաձորում հարցումներ իրականացնել՝ պարզելու՝ ինչպես է ժողովուրդը տրամադրված, ինչ քայլեր կարող են ձեռնարկել խնդրի լուծման համար, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դրա իմաստը չկա, որովհետև այդ հարցը շատ պարզ է: Գոյություն ունի մանդատների միություն՝ երեք կուսակցությունների դաշինքով, որոնք բոյկոտել են ավագանու առաջին նիստը, հետևաբար` իշխող կուսակցությունը չունի մեծամասնություն: էլ ի՞նչ հարցում անեն: 18 մանդատները չեն ճանաչում Ասլանյանի` քաղաքապետ լինելու հանգամանքը, հետևաբար` նա պետք է հրաժարական տա: Կամ` եթե երեք ամիս նիստ չլինի, ապա Վանաձորում նոր ընտրություններ կլինեն: Դա գաղափար է ուղղակի, որ դրվել է շրջանառության մեջ, ինչի հետ եթե համաձայն լինեինք, վաղուց էինք այդպես արել»: