Ինչո՞ւ հայկական լոբբիստական կառույցները պահպանեցին չեզոքություն ԱՄՆ նախագահական ընտրություններում
Ամերիկայի հիմնական հայկական լոբբիստական կազմակերպությունները ԱՄՆ նախագահական ընտրություններում պահպանել են չեզոքություն եւ չեն աջակցել որեւէ թեկնածուի: Այժմ, երբ ԱՄՆ նախագահ է ընտրվել հանրապետական Դոնալդ Թրամփը հայկական կազմակերպությունները փորձում են հասկանալ քաղաքականության մեծ փորձ չունեցող Թրամփի արտաքին քաղաքական մոտեցումները եւ մշակել Սպիտակ տան հանրապետական վարչակազմի հետ աշխատանքի մոտեցումներ:
Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրությունն անորոշության մեջ է պահում ոչ միայն աշխարհի շատ պետությունների, այլեւ Ամերիկայում հայկական կազմակերպություններին: «Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, ինչպես նախորդ նախագահական ընտրություններում, այս մեկում ևս ոչ մի թեկնածուի չպաշտպանեց: Այժմ Թրամփի ընտրությունից հետո դժվար է կանխատեսել, թե գործունեության ինչ սկզբունքներ կորդեգրի նա: 24 ժամվա մեջ մարդը սկսեց տարբեր բաներ ասել, դրա համար պետք է սպասել, որպեսզի տեսնենք՝ նախ ովքեր են լինելու իր շրջապատը», – հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 11-ին Կիրո Մանոյանի, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի եւ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Թրամփն՝ ԱՄՆ նախագահ. ի՞նչ մոտեցումներ կորդեգրի Վաշինգտոնը հայկական հարցում և արտաքին քաղաքականությունում» թեմայով քննարկում:
Մանոյանի խոսքով, դեռ պետք է ժամանակ անցի, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ քաղաքական գիծ կորդեգրի Դոնալդ Թրամփը: «Նա դատապարտում էր Վաշինգտոնը եւ այն կեղտոտ անվանում, որն ըստ նրա պետք է մաքրել: Սակայն, որպես նախագահ նա ավելի քան 4000 մարդու պիտի պաշտոնի նշանակի, որոնց 60-70 տոկոսը պետք է Վաշինգտոնից լինի: Ուստի պետք է հասկանալ, թե ովքեր են լինելու նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, պետքարտուղարը: Միայն դրանից հետո պարզ կդառնա վերջինիս արտաքին քաղաքական գերակայությունները», – ասաց Մանոյանը:
Թրամփը քաղականության մեջ նոր մարդ է, ուստի ակնկալինքներն էլ նրանից բավականին քիչ են, հայտարարեց Արփի Վարդանյանը՝ հավելելով, որ թեպետ հայկական շատ կազմակերպություններ ԱՄՆ-ում պահապանեցին չեզոքություն, սակայն հայկական համայնքը, ինչպես մյուս ԱՄՆ քաղաքացիները մասնակցեցին ընտրություններին եւ քվեարկեցին այս կամ այն թեկնածուի օգտին: «Ուղղակի պետք է հաշվի առնել, որ նախընտրական փուլում Թրամփի հայտարարությունները մի բան են, իսկ նախագահ դառնալուց հետո նրա մոտեցումները կարող են փոխվել», – ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով, նախագահական քվեարկությանը զուգահեռ ընթացող սենատի ընտրություններին ԱՄՆ հայկական համայնքը եւ կազմակերպությունները բավականին ակտիվ էին: «Ընտրությունների արդյունքում Սենատում վերընտրվել են և կան մարդիկ, որոնք հայերի ընկերներն ու բարեկամներն են և կարող են հայկական հարցերով զբաղվել», – ասաց նա՝ հավելելով, որ հայկական կազմակերպությունները պետք է աշխատեն բոլոր այն ԱՄՆ քաղաքական գործիչների հետ, որվքեր կարող են օգտակար լինել հայկական հարցի ճանաչման եւ Հայաստանին ու Լեռնային Ղարբաղին աջակցություն ցուցաբելերու հարցում:
«Ամերիկայի հայերի խնդիրները երկրի վարչակարգի հետ շարունակում են մնալ նույնը: Առաջին հերթին պետք է շարունակել աշխատել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները բարելավվելու ուղղությամբ: Նույն կերպ պետք արվի Հայաստան-Արցախ-ԱՄՆ-ի դեպքում: Արցախի հարցը պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել: Մենք տեսանք թե ինչ տեղի ունեցավ այս տարվա ապրիլի սկզբին (խոսքը ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան պատերազմական գործողությունների մասին է – խմբ.) և նաև՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անընդհատ բարձրացվի», – նշեց նա՝ դիտարկելով ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները տարածաշրջանային գործընթացների համատեքստում:
«Կա Իրանի հետ հրաբերությունների խնդիր, զարգացումները Թուրքիայում, Սիրիայի խնդիրը», – ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ այս հարցերն առնչություն ունեն Հայաստանի հետ: «Հայաստանը փոքր է, բայց գտնվում է աշխարհի կարևոր մասում, ու դա պետք է հասկացնենք բոլորին, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն այս տարածաշրջանի վրա»,-ասաց բանախոսը:
Թրամփի՝ որպես անձի, անկանխատեսելիությունը տարածվել է նաեւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հեռանկարների վրա: Համենայն դեպս այսպիսի ընկալում է գերիշխում համաշխարհային մեդիա դաշտում եւ շատ փորձագետների հայտարարություններում:
«Նա նորություն է ամբողջ աշխարհի համար և անկանխատեսելի է: Դժվար է ասել, թե ինչ կլինի այս չորս տարվա ընթացքում: Վաղաժամ է սպասել, որ էական փոփոխություններ կլինեն ՌԴ-ի հետ քաղաքականությունում, սակայն կարելի է ակնկալել որոշակի դրական դինամիկա։ Սակայն մեծ փոփոխությունների պետք չէ սպասել, քանի որ Դոնալդ Թրամփը խնդիր ունի ապացուցելու, որ լավ նախագահ կլինի ԱՄՆ-ի համար ոչ միայն երկրի սահմանների ներսում, այլ նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս», – ասաց Արթուր Ղազինյանը: