«Մենք պետք է զգոն լինենք. ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ»
Ինչպես հայտնել ենք, ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ այսօր ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:
Henaran.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
«Այժմ իրավիճակը որևէ ձևով չի տարբերում այն իրավիճակից, որը կար երեկ, մյուս օրը, տասը կամ տանսնհինգ օր առաջ: Տարօրինակ երևույթներ չեն կատարվում: Սա մեր կյանքն է: Ադրբեջանն ամեն օր էլ խախտում է հրադադարի ռեժիմը: Տարօրինակն այն կլիներ, որ Ադրբեջանը ընդհանրապես չխախտեր հրադադարի ռեժիմը: Մենք ապրում ենք մեր առօրյայով: Նոր երևույթ չկա»:
Դավիթ Բաբայանը հորդորեց՝ պետք չէ լարվել ու անհանգստանալ:
«Սա պարզապես իրականությունն է: Ի վերջո, մեր հարևանը ոչ թե Լյուքսենբուրգն է կամ Դանիան, այլ Ադրբեջանը: Ի՞նչ է, մենք չգիտե՞նք, որ նա այդպիսի քաղաքականություն է վարում: Անհանգստանալ պետք չէ: Մենք պետք է զգոն լինենք . ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ: ՊԲ-ն շարունակում է վերահսկել իրավիճակը ու պաշտպանել մեր հայրենիքը», – ասաց Դավիթ Բաբայանը: