Վանոն ծեծելով վռնդել է
«Ես հազվադեպ եմ օգտագործում դավաճան բառը, քանի որ այդ բառն ինձ վրա շատ ծանր է անդրադառնում, այդ երևույթը իմ սրտին է դիպչում ու միշտ ինձ թվում է, թե ինձ են դավաճանել: Ես երբեք չեմ կարող ներել դավաճանին, մանավանդ նրանց, ովքեր այս իրավիճակում մեր պատերազմող երկիրը թողնում են ու գնում: Խայտառակությունը այն է , որ գնում են մեր համար այս ծանր պայմանները ստեղծող, մեր թշնամի երկիր՝ Ադրբեջան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը:
Մտավորականը զայրացած է, քանի որ հասարակական և պաշտոնական բնույթի այլ արձագանք է սպասել.«Ես առավել մեծ արձագանք էի սպասում, սպասում էի, որ Վահեն ու նրա նմանները հայհոյանքների արժանանան, սակայն լռում են ու ձայն չեն հանում: Ես գտնում եմ , որ Վահեին ու նրա նմանակներին պետք է պետական դավաճան հայտարարվեն: Նա էնքան էր լկտիացել, որ հայհոյում էր ԱՍԱԼԱ-ին, դաշնակներին ասում էր էշակներ, ոնց կարելի է »:
Անդրադառնալով հարցին, թե Վահե Ավետյանը, որ ստեղծագործությամբ է հայտնի, որ իրեն հորջորջում է վտարանդի գրող, Սամվել Բեգլարյանը արձագանքեց .«Նախ նա գրող չի, նրան Վանոն ծեծելով հեռացրել է այստեղից»:
Սամվել Բեգլարյանը տեղեկացրեց, որ ինքը համացանցով շփվում է նորմալ հայացքների տեր մի ադրբեջանցու հետ.« Բժիշկ է, դոկտոր-պրոֆեսոր և նորմալ հայացքներ ունի: Ես նրան գրում եմ, որ ինչպես ներկայացվում է իրենց Վահեն գնացել ու ծաղիկներ է դրել «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրում , այսպես կռացել ու խոնարհվել է: Նա պատասխանում է, որ դա իր ազգի ամոթն է: Ես բացատրել եմ, որ Հայաստանը լքած այդ դավաճաններին մենք հայ չենք համարում: Նա պատրաստ է գալ Հայաստան և խոսել հայերի հետ: Պատրաստ է գալ և տեղեկություններ ստանալ դավաճանների մասին»,-եզրափակեց մտավորականը:
Հիշեցնենք, որ Հայաստանից փախած և Ադրբեջանից ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը և իրեն վտարանդի գրող և իրավապաշտպան հայտարարած Վահե Ավետյանը մեկնել են Բաքու՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված համաժողովի:
Նախքան համաժողովը նրանք այցելել են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիր և ծաղիկներ դրել զոհերի հիշատակին: