Ռուս-ամերիկյան հարաբերություններում լավացում կլինի, վստահ եմ. Ն. Ռիժկով
«Ռուսաստանում ժողովրդի մեծ մասը Թրամփին էր աջակցում, քանի որ Քլինթոնը հակառուսական դիրք էր գրավել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը։ Նրա խոսքով՝ Քլինթոնն անընդհատ վատաբանում էր ՌԴ-ին, ինչը Թրամփը չէր անում։
«Դրա համար ժողովուրդը Քլինթոնի դեմ հակաթույն ուներ՝ ժողովուրդը մեծամասամբ կողմ էր տրամադրված Թրամփին։ Նա ագրեսիվ ելույթներ չուներ` մեր երկրի հասցեին ուղղված»։ Նրա կարծիքով` փոփոխություններ պիտի լինեն, որովհետև ԱՄՆ-ի հետ ՌԴ հարաբերություններն այնքան են ցածրացել, որ այլևս ցածրանալու տեղ չկա։
Անդրադառնալով սանկցիաների հանմանը՝ Ռիժկովն ասաց. «Սանկցիաների մասով առանձնապես սպասումներ չունեմ, բայց որ լավացում կլինի, վստահ եմ։ Ռուսաստանը տրամադրված է համագործակցության։ Մենք միշտ համարում ենք, որ հարևանները պետք է բարի լինեն, այլ ոչ թե կռվեն»։