26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առանց դրա դու թույլ կլինեիր և չէիր դիմանա

«…ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ»։ «…ԱՅԺՄ ՔՈ ԿՅԱՆՔՆ ԻՄԱՍՏԱՎՈՐՎԵՑ»
Կանա քաղաքի հարսանիքը․ «Երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց․ «Գինի չունեն»։ Եվ Հիսուս նրան ասաց․ «Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԻՆՁՆԻՑ, ՈՎ ԿԻՆ, ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍԵԼ» (ՀՈՎՀ․ 2։3-4):

Մի օր մի մարդ, ով սեր ուներ հինավուրց իրերի նկատմամբ, հնավաճառի խանութում տեսավ թեյի գավաթ: Երբ հիացած ձեռքն առավ գավաթը, այն անսպասելիորեն սկսեց զրուցել իր հետ և պատմեց. «Հիմա դու հիանում ես ինձանով, բայց միշտ չէ, որ ես այսքան գեղեցիկ եմ եղել: Մի ժամանակ ես կավի մի կտոր էի: Հազարավոր տարիներ անիմաստ ընկած էի գետնին: Աչքիս առաջ անցան դարեր, ծնվեցին ու կործանվեցին քաղաքակրթություններ, իսկ ես դեռ սպասում էի՝ ինքս էլ չիմանալով, թե ինչի:

Վերջապես եկավ վարպետը: Վերցրեց ինձ, տարավ տուն, դրեց սեղանին և սկսեց տրորել ու գլորել սեղանի վրա, մատներով ճմլել: Շատ ցավոտ էր, և ես գոռացի. «Բավական է, հանգիստ թող ինձ, խնդրում եմ»: Իսկ նա լոկ ժպտաց և ասաց. «Դեռ ժամանակը չէ»:

Այդ խոսքերն ասելուն պես նա ինձ այնքան տրորեց ու պտտեց, մինչև որ աչքերիս առաջ մթնեց, և ամեն ինչ ձուլվեց մեկ կետում: Հետո նա ինձ դրեց վառարանը. մինչ այդ ես չգիտեի, թե կարող է այդքան սաստիկ շոգ լինել: Այնտեղ ավելի շոգ էր, քան դժոխքի կրակներում: Ես խնդրեցի վարպետին ինձ դուրս բերել, բայց նա ասաց, թե դեռ ժամանակը չէ:

Եվ այն պահին, երբ թվում էր, թե վերջս եկել է, վառարանի դռնակը բացվեց, վարպետն ինձ զգուշությամբ դուրս բերեց և դրեց դարակին. վերջապես ես հանդիստ շունչ քաշեցի, սակայն… դա դեռ վերջը չէր: Հենց որ սառա և ուշքի եկա, վարպետը սկսեց ինձ նկարազարդել: Դա սարսափելի էր, ես խեղդվում էի ներկերի հոտից, նրանց թունավոր ազդեցությունից կորցնում գիտակցությունս և խնդրեցի վարպետին դադարեցնել ներկելը, խղճալ ինձ: Բայց նա ասաց սովորականի պես. «Դեռ ժամանակը չէ»:

Նկարազարդելուց հետո վարպետն ինձ կրկին դրեց վառարանը, միայն թե՝ այս անգամ այնտեղ արդեն կրկնակի, եռակի շոգ էր: Իսկույն հասկացա, որ մահանում եմ: Շոգն անտանելի էր, այլևս ուժ չունեի՝ անգամ լաց լինել: Երբ արդեն կարծում էի, թե կյանքիս վերջին պահն է, վարպետն ինձ դուրս բերեց վառարանից և դրեց դարակին՝ սառչելու: Սարսափով սպասում էի հետագա տանջանքներին:Սակայն երբ վարպետը վերադարձավ, մոտեցավ ինձ, նայեց և ասաց. «Ահա, քո ժամանակն արդեն եկել է»: Հետո հայելին դրեց իմ դիմաց և ասաց. «Դե, նայիր»: Երբ տեսա, թե որքան գեղեցիկ եմ, բացականչեցի. «Ոչ, այդ ես չեմ»: Պարզապես չէի հավատում աչքերիս: Իսկ վարպետն ասաց.

– Ես տեսնում էի, որ դու ցավ ես զգում, սակայն քեզ պետք էր կոփվել: Ես գիտեի, որ այդքան տրորվելուց և ճմլվելուց հետո կորցնում ես գիտակցությունդ, սակայն առանց դրա դու այսպիսի գեղեցիկ ձև չէիր ստանա: Գիտեի, որ ներկերի թունավոր հոտերն անտանելի են, բայց առանց դրա դու կմնայիր գորշ, ինչպես որ մինչ այդ էիր: Գիտեի, որ վառարանը, հատկապես երկրորդ անգամ, ծանր փորձություն էր քեզ համար, բայց առանց դրա դու թույլ կլինեիր և չէիր դիմանա կյանքի դժվարություններին և հեշտությամբ կկոտրվեիր: Հավատա ինձ, այդ ամենը ես արեցի ի օգուտ քեզ: Հիմա դու դարձել ես գեղեցիկ գավաթ, ինչպիսին ես պատկերացնում էի, երբ քեզ գետնից վերցրեցի: Այժմ քո կյանքն իմաստավորվեց»:

Այստեղ գավաթն ավարտեց իր պատմությունը: Մարդը վճարեց և գնեց այն: Գավաթի պատմութունը նրա համար դարձավ կյանքի ուղեցույց: Ամեն անգամ, երբ ճակատագիրը նրան փորձությունների առաջ էր կանգնեցնում և նա ցանկանում էր գոռալ. «Բավական է», իսկույն հիշում էր վարպետի խոսքերը. «Դեռ ժամանակը չէ»:

ԱՅՈ, ԱՄԵՆ ԲԱՆ ԻՐ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒՆԻ, ՍԱԿԱՅՆ ԴԺԲԱԽՏԱԲԱՐ ՄԵՆՔ ՄԻՇՏ ՇՏԱՊՈՒՄ ԵՆՔ, ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ։ ՀԱՄԲԵՐԵՔ․․․ ԵՎ ԱՍՏԾՈՒ ԿԱՄՔՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԼԻՆԻ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ