«Նախարարության մեջ չկա Ռուզաննա Խաչատրյանի կամ Լեւոն Ալթունյանի սենյակ» /վիդեո/
Այսօչ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ասաց՝ պետպատվերի համակարգը հետվճարային դարձնելու վարչապետի հանձնարարականի մասին դեռ որոշում չի կայացրել:
«Միգուցե բացարձակապես այս մոդելին նաեւ չանդրադառնանք եւ նպատակահարմար չգտնենք»,-ասաց նա:
Նախարարը շեշտեց՝ պետպատվերով բուժման դեպքում այսուհետ գումարը, այսպես ասած, «կհետեւի» հաճախորդին, ինչը ենթադրում է, որ հիվանդը կընտրի հիվանդանոցը, որտեղ ցանկանում է բուժում անցնել, այլ ոչ թե նախորդի նման կուղարկեն այնտեղ, որտեղ կա պետպատվերով բուժման տեղ:
Ինչ վերաբերում է այն լուրերին, որ Առողջապահության նախարարությունում աշխատող մասնագիտությամբ ոչ բժիշկ աշխատակիցները կհեռացվեն եւ կփոխարինվեն ոլորտի մասնագետներով, նախարարն ասաց, որ աշխատակիցներից նման դժգոհություններ չի լսել:
«Կրկնում եմ՝ անառողջ է, երբ ֆինանսիստ աշխատում է բժիշկը: Եթե մենք ֆինանսական ոլորտում կգտնենք բժիշկ, մենք նրան կկրճատենք, եթե ֆինանսական հաստիքում աշխատում է ֆինանսիստ, ապա նա կմնա աշխատանքի»,-մանրամասնեց նա:
Նախարարի խոսքով` իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե ինքն Առողջապահության նախարարության աշխատակիցներին հորդորել է խոսել ռուսերեն:
«Դա ակնհայտ սուտ է: Հայաստանի պետական լեզուն հայերենն է»,- ասաց նա: Դիտարկմանը, որ ՊՆ նախկին նախարարի կինը՝ «Ռազմական բժիշկների ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, կարծես թե ցանկություն չունի իր հետ աշխատելու, նախարարն ասաց.
«Ցավում եմ դրա համար»:
Ճշտող հարցին՝ մտադի՞ր է աշխատանքից հեռացնել Խաչատրյանին, քանի որ լուրեր կան, որ Ռուզաննա Խաչատրյանի աշխատասենյակն արդեն իսկ փոխնախարարին է հատկացվել, նախարարն ասաց, որ որոշումը Ռուզաննա Խաչատրյանինն է:
«Եթե նա նման որոշում կայացնի, ապա պետք է մակագրեմ դիմումը: Փոխնախարարը նստած է իր սենյակում, սենյակը պատկանում է պետական գույքի կառավարման մարմիններին, նախարարության մեջ չկա Ռուզաննա Խաչատրյանի կամ Լեւոն Ալթունյանի սենյակ»,- եզրափակեց Ալթունյանը: