27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեզանից պահանջվում է քաջություն

Մեզանից պահանջվում է քաջություն՝ պայքարելու համար, ոչ թե պարտադիր հաղթելու, ազդարարելու, այլ ոչ թե պարտադիր դարձի բերելու:

Ստորև ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի՝ հոկտեմբերի 23-ի քարոզը, որը նա արել է մինչ Հրեշտակ Տեառն աղոթքը և դրանից հետո, Սբ. Պետրոսի հրապարակում, իր աշխատասենյակի պատուհանից:

Մինչ Հրեշտակ Տեառն աղոթքը

 Բարի´ առավոտ, սիրելի´ եղբայրներ և քույրեր: Այսօրվա Սբ. Պատարագի երկրորդ ընթերցումը մեզ ներկայացնում է Սբ. Պողոսի հորդորը Տիմոթեոսին՝ նրա աշակերտին, որը ցույց է տալիս Սբ. Պողոսին՝ որպես առաքյալ, ով ամբողջությամբ նվիրվեց առաքելությանը (2 Տմթ. 4,6-8.16-18): Տեսնելով, որ ինքն արդեն մոտ էր իր երկրային ճամփորդության ավարտին՝ Պողոսը այն ներկայացնում է՝ հղում անելով  ներկային, անցյալին և ապագային:

«Ներկան» Պողոսը մեկնաբանում է զոհաբերության փոխաբերությամբ.

«Ես զոհաբերվելու եմ». Բ Տիմ, 4:6:

«Անցյալի» համար Պողոսը խոսում է իր անցյալ կյանքից՝ «բարի պատերազմի» և «մրցավազքի» պատկերներով՝ մի մարդու, ով հետևողական է իր նվիրումին և պատասխանատվությանը: Հետևաբար, «ապագայի» համար նա վստահում է Աստծո կողմից ճանաչմանը, ով «արդար դատավորն է»: Սակայն Պողոսի առաքելությունը արդյունավետ, արդար և ճշմարիտ էր միայն Տիրոջ զորության ու մտերմության շնորհիվ, որը նրան դարձրեց Ավետարանի քարոզիչ՝ բոլոր ժողովուրդների համար: Ահա նրա արտահայտությունը.

«Սակայն Տերը կանգնեց իմ կողքին և ուժ տվեց ինձ, որպեսզի իմ միջոցով վկայությունը լիակատար լինի և բոլոր հեթանոսները լսեն այն»:

Պողոսի ընթերցման մեջ քրիստոնեական համայնքն իր մոդելը գտնում է այն համոզման մեջ, որ հենց Տիրոջ ներկայությունն է, որ իրականացնում է առաքելական արդյունավետ աշխատանքն ու ավետարանացման աշխատանքը: Հեթանոսների առաքյալի փորձը մեզ հիշեցնում է, որ մի կողմից մենք պետք է մասնակցենք հովվական և միսիոներական գործունեությունների, այն վստահությամբ, թե արդյունքը մեր ջանքերից է կախված, մարզիկի զոհաբերության ոգով, ով կանգ չի առնում նույնիսկ պարտության առջև, մյուս կողմից, սակայն, իմանալով, որ մեր առաքելության իրական հաջողությունը արտոնյալ պարգև է. դա հենց Սուրբ Հոգին է, ով Եկեղեցու առաքելությունն արդյունավետ է դարձնում աշխարհում:

Այսօր առաքելության ու քաջության ժամանակն է: Քաջություն՝ ամրապնդելու անկայուն  քայլերը, ինքներս մեզ Ավետարանին հանձնելու, վերականգնելու վստահությունն այն ուժի մեջ, որն առաքելությունն է բերում: Քաջության ժամանակն է, չնայած քաջությունը չի նշանակում չունենալ հաջողության երաշխիք:

Մեզանից պահանջվում է քաջություն՝ պայքարելու համար, ոչ թե պարտադիր հաղթելու, ազդարարելու, այլ ոչ թե պարտադիր դարձի բերելու:

Մեզանից պահանջվում է քաջություն ունենալ ոչ միշտ համակերպվելու  աշխարհին, սակայն երբեք չդառնալ վիճող կամ ագրեսիվ:

Մեզանից պահանջվում է քաջություն՝ նաև բոլորի հետ անկեղծ լինելու, երբեք չփոքրացնելու Քրիստոսի բացարձակությունն ու եզակիությունը:

Մեզանից պահանջվում է քաջություն՝ կանգնելու անհավատության դեմ հանդիման՝ առանց ամբարտավանության:

Մեզանից այսօրվա Ավետարանում պահանջվում է նաև մաքսավորի քաջություն, ով խոնարհությամբ, երբեք նույնիսկ իր աչքերը չի բարձրացնում առ երկինք, այլ կուրծք է ծեծում՝ ասելով. «Ո՜վ Տե´ր, ողորմած եղի´ր ինձ, մեղավորիս»: Այսօր քաջության ժամանակն է: Մենք պե´տք է քաջություն ունենանք:

Թո´ղ Կույս Մարիամը՝  «առաքելությունն ավարտող» Եկեղեցու մոդելը և Սուրբ Հոգուն հնազանդյալը, մեզ բոլորիս՝ առաքելության աշակերտներիս, օգնի հանուն մեր մկրտության, մեզ, որ փրկության ուղերձն ենք տանում ամբողջ մարդկային ընտանիքին:

Հրեշտակ Տեառն աղոթքից հետո

Հռոմի Պապի կոչը Իրաքի համար

Այս դրամատիկական ժամերին, ես ուզում եմ մոտ լինել Իրաքի ամբողջ բնակչությանը, հատկապես՝ Մոսուլ քաղաքի բնակչությանը: Մեր ներաշխարհը ցնցվում է վայրագության սարսափելի գործողություններով, որ այսքան երկար ժամանակ կատարվում են անմեղ քաղաքացիների նկատմամբ, և´ քրիստոնյա, և´ մահմեդական, և այլ էթնիկական խմբերի և կրոնների պատկանող մարդկանց նկատմամբ: Շատ տխրեցի լսելով այս սիրելի երկրում այդքան շատ մարդկանց սառնարյուն կերպով սպանության մասին լուրերը, սպանվել են նաև շատ երեխաներ: Այս դաժանությունը մեզ ստիպում է անխոս արտասվել: Համերաշխությամբ աղոթում եմ Իրաքի համար, որը տառապում է, սակայն ուժեղ և հույսով լի, որ կկարողանա ընթանալ դեպի անվտանգություն, հաշտություն և խաղաղություն: Հետևաբար, բոլորիդ խնդրում եմ լուռ միանալ իմ աղոթքին:

 

Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ