Օրինապահ մարդուն հանելու ենք օդ. վարչապետ
ԱԺ-ում Կառավարության ծրագրին հավանության տալու հարցի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե ինչպես են աղքատությունը կրճատելու: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, թե աշխատատեղ ստեղծելով: Ըստ նրա՝ սակայն գաղտնիք չէ, որ բիզնես միջավայրը բավական հուսահատված է: «Խոսքը վերաբերում է բոլոր շերտերին, հադիպել եմ բիզնես միջավայրի հետ, ժողովրդական խոսքով ասած՝ մեծ կրակ չեն տեսնում, այդ պատճառով, մենք՝ Կառավարությունս, ասում ենք, որ ժամանակավորապես ստեղծելու ենք ներդումային համակարգ, որ բիզնեսին աջակցենք ու կատալիազատորի ֆունկցիա կատարենք»,-ասաց նա:
«Իսկ թե ինչպե՞ս ենք պայքարելու աղքատության դեմ՝ շատ պարզ, միկրո առումով՝ աշխատելով, աշխատավարձ ստանալով, իսկ դրա համար ի՞նչ է պետք անել….»,-դիմեց պատգամավորին: Միքայել Մելքումյանը տեղեց պատասխանեց, թե աշխատատեղ ստեղծել: Ըստ պատգամավորի՝ խնդիրը քաղաքական որոշման մեջ է: «Հիմա կա՞ն մարդիկ Հայաստանում, որ արտոնյալ են, հարկերը քիչ են վճարում կամ մաքսերը չեն մուծում, կա՞ն թե չկան: Այսինքն օրենքը և իրականությունը համահունչ են լինելու, թե տարբեր են»,-հարցրեց նա: Վարչապետը նշեց, թե ուրախ կլինի, եթե պատգամավորը կարողանար այդ հարցին ձևակերպում տալ, որը որ Կառավարության ծրագրում պակասում է:
«Ասել ենք՝ օրինապահ մարդուն հանելու ենք օդ, ոչ օրինապահի հետևից հա գնալու ենք… էս ենք անելու, էն ենք անելու: Հիմա եթե դու ունեք ձևակերպում, տվեք, մտցնենք մեջը»,-ասաց նա: