Վարչապետը ներկայացնում է կառավարության ծրագիրը. ինչպիսի խաղի կանոններ են լինելու (վիդեո)
Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։ Անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը: Վարչապետն ընդգծեց, որ այս ծրագիրը կազմելիս քննարկում է եղել նախկին վարչապետեր, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, գործարարների հետ:
Նրա ներկայացմամբ՝ պետք է նվազագույն ծախսերով ապահովել արդյունավետ արդյունք:
«Պետք է պետական կառավարման մարմինները աշխատողների համար ոչ թե զբաղվածություն ապահովել, այլ դրանք պետք է ծառայություններ ապահովեն»,-ասաց նա ու հավելեց, որ պետական աշխատողները պետք է հասկանան, որ իրենց պաշտոնները ժառանգական չեն, և կարևոր է, որ քաղաքացիները պետական մարմինների դռները թակելիս նորմալ սպասարկում ստանան:
«Տնտեսական վիճակը հաշվի առնվելով՝ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով չափազանց բարդ է զարգացում ապահովել, պետք է վերանայել ձեռներեցությունը խոչընդոտող ավելորդ ընթացակարգերը»,-նկատեց նա: Կարեն Կարապետյանը շեշտեց, որ բիզնեսմեններն ու ներդրողները պետք է հասկանան, որ ներդրում կատարելը Հայաստանում ապահավոն է, անվտանգ ու պարզապես շահավետ:
«Կարևորը նավթ, գազ ունենալը չէ, այլ մարդկանց իրենց ստեղծարար կարողությունների համար հնարավորություն ընձեռելը:
Մենք պետք է ունենանք այնպիսի խաղի կանոններ, որ օրինապահ հարկատուների համար ունենանք զարգացման պայմաններ»:
Կառավարության ծրագրով նաև մաքսատանը կներդրվի մեկ պատուհանի սկզբունքը, իսկ օրինապա տնտեսվարող սուբյեկտների համար հարկային մարմինների աշխատանքը պետք է լինի աննկատ, հարկային մարմինների հետո շփումներից զուրկ կարգավիճակ, իսկ ոչ օրինապահները պետք է իմանան, որ իրենք տարբեր գործիքներով մոնիթորինգի են ենթարկվում, իսկ հարկերից խուսափելն անհետևանք չի մնալու, անհետևանք չի մնա նաև իրավապահ մարմինների կողմից լիազորությունները չարաշահելու որևէ դեպք:
«Տուրիզմի ոլորտը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, ներկայացվելու է Հայաստանի գրավչությունը, ներգրավվելու են բյուջետային ավիրափոխադրողներ՝ նրանց ուղղելով դեպի Գյումրիի օդանավակայան»:
Պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության հիմքում կդրվի ազգ-բանակ գաղափարը և «հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: Հայոց բանակը «հասարակության հայելին» լինելու փոխարեն պետք է դառնա «հասարակության դպրոցն ու դարբնոցը»` նպաստելով բանիմաց և հայրենասեր քաղաքացու դաստիարակությանը:
Նախատեսվում է ավելացնել կառավարության անդամների պաշտոնական լիազորությունները, միևնույն ժամանակ դրանց համարժեք` սահմանել նաև հանրային-իրավական պատասխանատվություն: Պետք է առօրյա կյանքում նվազագույնի հասցվեն պետական կառավարման մարմինների հետ անհարկի շփումները, վերացվեն ավելորդ ընթացակարգերն ու օղակները` կոռուպցիայից զերծ ծառայությունների մատուցման նպատակով:
Կառավարությունը նախատեսում է կրճատել պետական կառավարման ապարատի ծախսերը՝ հիմք ընդունելով իրականացվող գործառույթների անհրաժեշտությունն ու փաստացի իրականացումը, ինչպես նաև գործադիրը կհրաժարվի պետական կառավարման մարմիններում կրկնվող կամ անարդյունավետ գործառույթներից: Այդքան չարչրկված պետական գնումների ոլորտում աստիճանապար անցում կկատարվի գնումների կազմակերպման էլեկտրոնային եղանակի: Այստեղ ուշագրավ է նաև, որ կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնելու` գնման գործընթացներում շահերի բախման բացակայության մասին անարժանահավատ հայտարարութունների և գնման գործընթացում փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության համար պատասխանատվություն սահմանելու ուղղությամբ:
Վարչապետն ասաց, որ նախատեսվում է շարունակել երկրաշարժի հետևանքով աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իսկ 2017 թվականին Գյումրի քաղաքում այդ ծրագիրն ավարտել: Քաղաքաշինության ոլորտում մյուս կարևոր արձանագրումը եռամսյա ժամկետում քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների ստացման էլեկտրոնային համակարգի ամբողջական գործարկումն է, որը նաև հակակոռուպցիոն կարևոր նշանակություն ունի: