16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Տեսագրող սարքն արձանագրել է «Երրորդմասցի Լյովիկի» սպանության մանրամասները

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեսագրող սարքն արձանագրել է, թե ինչպես են 2015թ. մարտի 4-ին հիվանդանոց տեղափոխել «Նուբարաշենի» կայանատեղիում սպանված Լեւոն Ղազարյանի` «Երրորդմասցի Լյովիկի» եւ Դրաստամատ Թադեւոսյանի մարմինները:

Այսօր` հոկտեմբերի 4-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն հրապարակել է  տեսագրող սարքի արձանագրությունը:

Ըստ տեսագրության՝   մոտենում է մի մեքենա, որի միջից իջեցնում են տղամարդու մարմին, այնուհետեւ  «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է մոտենում եւ մեկ այլ տղամարդու մարմին են իջեցնում:  Նշված գործողությունը բազմամարդ է եւ անձանց դեմքերը հստակ տեսնելի չեն: Բժշկական կենտրոնի կրիմինալ դեպքերի մատյանի զննությամբ եւս պարզ է դառնում, որ երկու տղամարդկանց մարմինները հիվանդանոց տեղափոխել են անհայտ անձինք:

«Միլենա» տաքսի ծառայության տեսագրող սարքերի արձանագած տեսանյութում էլ երեւում է, որ նույն օրը քրեական գործով երեք ամբաստանյալներին է մոտենում «Ձուկ» մականվամբ Նարեկ Հովսեփյանը, որը ձեռքը դնում է ամբաստանյալներից մեկի ուսին եւ զրուցում նրա հետ: Այնուհետեւ տաքսի ծառայության գրասենյակից ինչ-որ արկղ է բերում եւ դնում մեքենայի մեջ: Ավելի ուշ  «Միլենա» տաքսի ծառայության սեփականատեր Սուրեն Երեմյանը, որը Երեւանի ավագանու անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է, տաքսի ծառայության մեքենայով ամբաստանյալներին տարածքից տանում է եւ երեսուն րոպե անց վերադառնում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, ժամը 11-ին:

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ