Կարեն Կարապետյանը նոր խորհրդական է նշանակել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ալեքսանդր Խաչատուրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
Համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Ալեքսանդր Խաչատուրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»:
Նշենք, որ վերջինս ֆինանսական եւ կորպորատիվ իրավունքի մասնագետ է: Ալեքսանդր Խաչատուրյանը ԹիՔեյ Էքուիթի Փարթներս առաջատար իրավաբանական խորհրդատվական գրասենյակի կառավարող գործընկերն է: Մինչ այդ Ալեքսանդրը եղել է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության եւ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի իրավախորհրդատուն: Ալեքսանդր Խաչատուրյանը ունի Հայաստանում գործունեություն իրականացնող մի շարք խոշոր միջազգային եւ տեղական ներդրողների սպասարկման փորձ եւ ներգրավված է եղել Հայաստանի ֆինանսական եւ ներդրումային ոլորտի մի շարք ինովացիոն գործարքներում:
Ալեքսանդր Խաչատուրյանը Բոսթոնի Համալսարանի Իրավաբանական Դպրոցի շրջանավարտ է, որտեղից ստացել է ֆինանսական եւ բանկային իրավունքի մագիստրոսի կոչում:
Ալեքսանդրը արժանացել է Դենիս Արոնովիտցի անվան ակադեմիական ոլորտում գերազանցության մրցանակի: Իր առաջին բարձրագույն կրթությունը Ալեքսանդր Խաչատուրյանը ստացել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետից:
Ալեքսանդր Խաչատուրյանը Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի դասախոս է, որտեղ դասավանդում է կորպորատիվ ֆինանսների իրավունք: