24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցարնին հրաժարվում է հայերին հայտնած ներողությունից եւ խախտում նախկին պնդումն ուղղելու խոստումը

Ապրիլի 30-ին հայերն արթնացան հրատապ լուրերից. “Ռուսլան Ցարնին ներողություն է խնդրում հայ համայնքից”, ինչպես հաղորդում էր Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում հրատարակվող “Արմինիըն Միրըր Սփեքթեյթըր” թերթի խմբագիր Ալին Գրիգորյանը:

 

Ցարնին մինչեւ ներողություն խնդրելը միջազգային լրատվամիջոցներին ասել էր, որ “մի իսլամացած հայ լվացել էր” իր զարմիկների՝ Բոստոնի ահաբեկիչներ Թամերլանի եւ Ջոխարի ուղեղները: Հորեղբայր Ցարնին, մի հայի կապելով այս նողկալի հանցագործության հետ, ցասում էր առաջացրել բոլոր հայերի մոտ, որոնք կասկածելի շարժառիթներ էին տեսնում նրա տարօրինակ պնդումների հետեւում:

 

Բնականաբար, հայերը հանգստացան, իմանալով, որ Ցարնին “Միրըր Սփեքթեյթըր” թերթին ասել էր հետեւյալը. “Հայաստանը շատ հզոր մշակույթ ունի, ուստի ես ցանկանում եմ ընդգծել, որ նրա [Միշայի] ինքնությունը որեւէ կապ չունի դրա հետ: Երանի թե ես երբեւէ դա ասած չլինեի”: Շարունակելով խոսքը նա ներողություն էր խնդրել՝ հայ համայնքին “այս հրեշավոր իրադարձության” հետ կապելու համար:

 

Թեեւ Ցարնիի ներողությունը լավ սկիզբ էր, սակայն անհամեմատելի էր այն ահռելի վնասի հետ, որ նա պատճառել էր աշխարհասփյուռ հայերին՝ արատավորելով նրանց բարի համբավը: Միայն հայկական թերթում ներողություն խնդրելը չէր կարող ի չիք դարձնել այդ վնասը, քանի դեռ նա իր ասածը չէր կրկնել CNN-ով կամ այլ հեռուստաընկերություններով:

 

Կապ հաստատելով Ցարնիի հետ, հարցրեցի նրան, արդյոք նման մի  ներողություն կհայցի ամերիկյան հեռուստատեսությամբ: Նա դրական պատասխան տվեց, քանի որ ափսոսում էր հայի անունը “այս տխուր դրվագի մեջ” ներքաշելու համար: Ցարնին շեշտեց, որ նա չի “խոսել բոլոր հայերի մասին, այլ՝ միայն հայկական ծագում ունեցող մեկի: Ես երբեք մտադրություն չեմ ունեցել վնասել հայերին կամ որեւէ մեկին: Շատ եմ ցավում, որ հայ ժողովրդի անունն է օգտագործվել: Ինձ մեղավոր եմ զգում: Ես ցանկանում եմ ներողություն խնդրել: Ոչ մեկին դուր չի գա առնչություն ունենալ նման արարքի հետ”: Ցարնին խնդրեց ինձ հայ ժողովրդին տեղեկացնել, որ սարսափելի վատ է զգում իր հեռուստատեսային հարցազրույցներում հայերի մասին խոսելու համար:

 

Հաշվի առնելով մի նոր հրապարակային հայտարարություն անելու նրա պատրաստակամությունը, նրան առաջարկեցի օգնել՝ ներողություն խնդրելու նոր տեքստ պատրաստելու հարցում՝ հետագայում հեռուստաընկերությունում նրա հավանական ելույթի համար: Սկզբում նա ողջունեց այդ գաղափարը, սակայն ավելի ուշ ինձ տեղեկացրեց, որ նա ոչ իմ առաջարկը կընդունի, ոչ էլ իր սեփական հայտարարությամբ հանդես կգա՝ պնդելով, որ իր նախկին հայտարարությունները հավաստի էին, քանի որ Միշան հայկական ծագում ուներ, բաց թողնելով այն փաստը, որ Ադրբեջանում ծնված Միշա Ալախվերդովն ուներ խառը՝ հայկական եւ ուկրաինական ծագում: Ցարնին նաեւ հայտնեց, որ երբեք նկատի չի ունեցել “ողջ [հայ] ազգին: Դա անձնավորության մի պարզ տեխնիկական բնութագիր էր, որի անունը ես այն ժամանակ չգիտեի: Եթե իմանայի, որ նրա անունը Միշա էր՝ նա կլիներ Միշա, այլ ոչ թե մի հայ կամ մեկ ուրիշը”: Նա արդարացրեց նաեւ “նոր իսլամացած հայկական ծագում ունեցող” արտահայտության օգտագործումը, պնդելով, թե մտադիր է եղել “օգնել լրատվամիջոցներին, լրագրողներին եւ իրավապահ մարմիններին այդ մարդուն գտնելու համար”: Հետեւաբար, նա որոշել էր ներողություն չխնդրել հեռուստատեսությամբ, ինչպես որ նախօրոք խոստացել էր:

 

Բացի այդ, նա վիճարկեց “Միրըր Սփեքթեյթըր” թերթի լուրն իր ներողություն խնդրելու մասին, պնդելով, թե իրեն “սխալ են մեջբերել”: Նա հայտարարեց. “Ես երբեք չեմ ասել՝ “Երանի թե ես երբեւէ դա ասած չլինեի”: Ես ասել եմ, որ մտադրություն չեմ ունեցել հայերի անունն օգտագործել պայթյունների հետ կապված: Ես խոսել եմ որոշակի անձնավորության մասին, եւ ինձ ասացին, որ նրա մասին տեղեկությունը հաստատվել է որպես ճիշտ տեղեկություն”: Չնայած Ցարնիի ուշացած հերքմանը, “Արմինիըն Միրըր Սփեքթեյթըր” թերթը տեր է կանգնում իր հաղորդած լուրին, եւ ես որեւէ պատճառ չունեմ կասկածելու այդ թերթի ճշմարտացիությանը:

 

Ես Ցարնիին հիշեցրեցի նրա անկատար մնացած հանձնառության մասին՝ ամերիկյան հեռուստատեսությամբ հանդես գալու “հայ Միշայի” մասին անհիմն պնդումների վերաբերյալ: Նա դեռ չի պատասխանել, քանի որ զբաղված է իր զարմիկի՝ Թամերլանի հուղարկավորության կազմակերպմամբ:

 

Բազմաթիվ անպատասխան հարցեր կան Ցարնիի մասին: Չնայած համացանցը լի է նրա անցյալի վերաբերյալ տարբեր տեսակի մեղադրանքներով, սակայն գերադասում ենք կանգ առնել հայ համայնքի համար առավել անմիջական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա.

 

-Ինչո՞ւ Ցարնին ներողություն խնդրեց “Արմինիըն Միրըր Սփեքթեյթըր” թերթից, իսկ հետո շուռ եկավ ու պնդեց, թե իրեն սխալ են մեջբերել: Արդյոք նա ցավո՞ւմ էր լրատվամիջոցներին արած իր նախկին հայտարարությունների համար, իսկ այնուհետեւ հետ կանգնեց դրանցից՝ “անհայտ շահերից” խորհուրդ ստանալո՞վ, որ պետք չէ հայերից ներողություն խնդրել:

 

-Ինչո՞ւ իմ առջեւ նա անձնական պարտավորություն վերցրեց հանդես գալու գլխավոր հեռուստաընկերություններում՝ հայերից ներողություն խնդրելու համար, իսկ հետո հրաժարվեց դրան: Այս անպատասխան հարցերը ստիպում են միայն զարմանալ հորեղբայր Ցարնիի խորհրդավոր շարժառիթների եւ առեղծվածային կապերի վրա:

 

 

 

Հարութ Սասունյան`

 

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ