Գյուղատնտեսության նախարարը Ռոզա Ծառուկյանին է հանձնել ՀՀ Նախագահի մեդալը
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի Երախտագիտության մեդալով:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրվել է «Վան Արդի» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Վարուժան Մուրադյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գործարարներին հանձնել է ՀՀ Նախագահի մեդալները:
Շնորհավորելով Ռոզա Ծառուկյանին և Վարուժան Մուրադյանին նման բարձր պարգևի արժանանալու առթիվ և շնորհակալություն հայտնելով ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար` նախարարը մաղթել է նրանց հետագա արգասաբեր աշխատանք և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ գյուղատնտեսության ոլորտում:
Շնորհակալություն հայտնելով բարձր պատվի և պարգևի համար` Ռոզա Ծառուկյանը նշել է, որ այն խիստ պարտավորեցնող է` հավելելով, որ այն ծրագրերը, որոնք ինքն իրականացնում է, կլինեն շարունակական:
Իր հերթին Վարուժան Մուրադյանն երախտագիտություն է հայտնել իր աշխատանքը բարձր գնահատելու համար և վստահեցրել է, որ կշարունակի քայլեր ձեռնարկել մեր երկրում գինեգործության մշակույթի զարգացման և գինեգործական ավանդույթների պահպանման ուղղությամբ: