Լիազորել են Վազգեն Սարգսյանին քննարկել համաներման հարցը ՀՀ նախագահի հետ
Ս. թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերով:
Օրակարգի առաջին հարցը վերաբերել է ս.թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նորանշանակ ղեկավար Կարեն Կարապետյանի հետ Հանրային խորհրդի մի խումբ անդամների հանդիպմանը, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են Հայաստանի տնտեսությանն առնչվող բազմաթիվ հարցեր ու առաջարկներ, որոնք բազմիցս քննարկվել են Հանրային խորհրդում:
Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած ՀԽ տնտեսական հարցերով աշխատանքային խմբի անդամները, գործընկերներին ներկայացնելով հանդիպման արդյունքները, նշել են, որ տպավորված են վարչապետի նոր մոտեցումներով ու նախաձեռնություններով՝ ուղղված ՀՀ կառավարության և պետական ապարատի գործունեության կազմակերպմանը, տնտեսության վերականգնման, տնտեսության առանձին ճյուղերի կառավարման և խնդիրների ձևակերպմանը:
Հանրային խորհուրդը անհրաժեշտ է համարել վարչապետի և կառավարության անդամների հետ պարբերական հանդիպումները, որոնց ընթացքում կբարձրացվեն ոչ միայն տնտեսությանն, այլև սոցիալական, կրթական-գիտական, բնապահպանական, մշակութային և այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Խորհրդի անդամները հույս են հայտնել, որ ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը կնպաստի հանրությանը հուզող խնդիրների բարձրացմանն ու դրանց լուծմանը, ինչպես նաև նոր ծրագրերի ու առաջարկների արդյունավետ իրականացմանը:
Հանրային խորհուրդը նաև հայտարարել է, որ մշտապես կհետևի կառավարության աշխատանքներին և ծրագրերի կատարման ընթացքին, կապահովի հանրության լայն շրջանակների մասնակցությունը կառավարության գործունեությանը:
Նիստի օրակարգի 2-րդ հարցը վերաբերել է համաներմանը: Հանրային խորհուրդը գրավոր և բանավոր դիմումներ է ստացել մի խումբ քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից` դիմելու ՀՀ նախագահին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ համաներում հայտարարելու վերաբերյալ:
Խորհրդի անդամները քննարկել են համաներում հայտարարելու անհրաժեշտությունը` այդ թվում և հուլիսյան դեպքերի հետ կապված:
Մասնավորապես, քննարկվել է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության, ոլորտի բարեփոխումներին ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Հանրային խորհուրդը համաներման հարցը քննարկել է նաև հասարակության շրջանում հատկապես հուլիսյան դեպքերից հետո առկա լարվածության թուլացման, հասարակական համերաշխության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից, որի պայմաններում կապահովվի նաև նոր կառավարության արդյունավետ գործունեությունը:
Հանրային խորհուրդը լիազորել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին համաներման վերաբերյալ խորհրդի անդամների արտահայտած տեսակետները, համաներման տարածման շրջանակների առումով հնչած երբեմն հակադիր կարծիքները քննարկել երկրի ղեկավարի հետ:
Օրակարգի մյուս հարցը վերաբերել է «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին և դրա շուրջ քննարկումների իրականացմանը:
Օրակարգի հաջորդ հարցով ՀԽ անդամներ Գրիգոր Բադիրյանն ու Ռուբեն Սաֆրաստյանը, որոնք ԵԱՀԿ դիտորդական առաքելության շրջանակներում Հանրային խորհրդի կողմից գործուղվել էին Ռուսաստանի Դաշնություն` որպես դիտորդ մասնակցելու ՌԴ պետդումայի ընտրություններին, գործընկերներին են ներկայացրել տեղեկատվություն ընտրությունների վերաբերյալ: