28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Միավորում են ջանքերը՝ բարելավելու Հայաստանում նորածնային բուժօգնությունը

Հ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Իվան Վոլինկինը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը այսօր համաձայնություն ստորագրեցին, ըստ որի Ռուսաստանի Դաշնությունն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը՝ բարելավելու ՀՀ-ում նորածնային բուժօգնությունը: ՀՀ առողջապահության նախարարության համագործակցությամբ ծրագիրն իրականացվելու է 2017-2019թթ.-ին՝ նպատակ ունենալով երկրում նվազեցնել մանկական և նորածնային մահացությունն ու հիվանդացությունը:

Հայաստանը նշանակալից արդյունքների է հասել երեխաների առողջական վիճակը բարելավելու հարցում՝ 1990թ-ից կիսով չափ կրճատելով մանկական մահացությունը: Նորածնային մահացությունը կամ մահացությունը կյանքի առաջին 28 օրերի ընթացքում կազմում է մանկական մահերի 75 տոկոսը: Մինչև մեկ տարեկանը մահացության ռիսկը բաշխված է անհավասարաչափ՝ նկատելիորեն բարձր լինելով ամենաաղքատ տնային տնտեսությունների, գյուղաբնակ և միայն տարրական կրթություն ստացած մայրերի երեխաների շրջանում:

Ռուսաստանի Դաշնության օժանդակությամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատելու է նորածնային վերակենդանացման ծառայությունների և մանկական բուժօգնության բարելավման ուղղությամբ՝ բուժաշխատողներին զինելով անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով առ այն, թե ինչպես միջազգային չափորոշիչներին համահունչ ավելի որակյալ նորածնային ծառայություններ մատուցել, ինչպես նաև՝ մատակարարելու է անհրաժեշտ սարքավորումներ: Գործընկերները նաև մշակելու են տնային այցերի միացյալ համակարգ առաջնային բուժօգնության մակարդակում, ինչը հնարավորություն կտա վաղ բացահայտել նորածինների մոտ առողջական և զարգացման խնդիրները և իրականացնել անհրաժեշտ միջամտություններ:

«Այս ծրագիրը տեխնիկական օգնության և փորձի փոխանակման համար ամուր գործընկերության հիմք կստեղծի Ռուսաստանում մասնագիտացված առողջապահական ծառայություններ մատուցողների հետ», նշեց պրն. Վոլինկինը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ: «Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է կյանքում լավագույն սկիզբ ունենա, և Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից ուրախ ենք օժանդակել Հայաստանի Հանրապետությանը լուծել այս կարևոր խնդիրը»:

«Սա առաջին ծրագիրն է՝ ուղղված ՀՀ-ում երեխաների առողջապահական խնդիրների հաղթահարմանը, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից Ռուսաստանի կառավարության օժանդակությամբ, և մենք հավատացած ենք, որ այս համագործակցությունն արդյունավետ ու կայուն կլինի հանուն Հայաստանի մանուկների առողջության և բարեկեցության», նշեց տկն. Ռադոչայը: Միասին մենք կաշխատենք զորացնել Հայաստանում ընտանիքներն ու համայնքները՝ հղի կանանց և նորածիններին տանը ավելի լավ խնամք տրամադրելու համար, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում անհապաղ դիմելու առողջապահական հաստատություններ»:

«Ծրագրային միջամտությունները մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի կողմից՝ ՀՀ կառավարության՝ Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում ներառված առաջնայնություններին և 2016-2020թթ-ի Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ազգային ռազմավարությանը համահունչ», նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ