Մենք և հնի տերն ենք, և նորի. Է. Շարմազանով (վիդեո)
«Հարգարժան գործընկերս նշեց, որ բոլորս խոսում ենք բարեփոխումներից, փոփոխություներից, դուք խոսում ենք հնի շարունակությունից: Ուրեմն ուզում եմ ձեզ տեղեկացնել, փոփոխությունները, բարեփոխումները և հեղափոխությունը տարբեր բաներ են, մենք բարեփոխումների փուլում ենք, այլ ոչ թե սեպտեմբերյան հեղափոխության: Հայաստանում սեպտեմբերյան հեղափոխություն տեղի չի ունեցել»,-այսօր Ազգային ժողովում «Ֆինանասական համահարթեցման մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ ասաց Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները հանդես եկան իշխանության կողմից հայտարարված բարեփոխումների վերաբերյալ թերահավատ կարծիքներով ու քննադատական ելույթներով:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ ՀՀԿ-ը և հնի, և նորի տերն է: «Իշխանությունը «Հանրապետականն» է, սա ով լավ չգիտի, տեղեկացնում եմ, և հին կառավարության, և նոր կառավարության քաղաքական պատասխանատուն մենք ենք: Այնպես չէ, որ հին կառավարությունը վատ է աշխատել, այնպես չէ, որ հին կառավարությունները վատ են աշխատել, մենք պետք է հիմա գանք, սրբենք ամբողջն ու նորից ստեղծենք: Կա շարունակակություն, կա նոր մոտեցման խնդիր, կա բարեփոխումների խնդիր, կա նոր սկզբից սկսելու խնդիր»,-ընդգծեց նա:
Շարմազանովը հորդորեց խորհրդարանի դահլիճում կատու չփնտրել այնտեղ, որտեղ չկա. «Մանավանդ եթե այդ կատուն ձեր ուսերին է:
Կրկնում եմ՝ այո, բազում լավ նախաձեռնություններ եղել են, որ մենք պետք է շարունակենք: 99 թվականից այս կողմ բոլոր կառավարությունների քաղաքական ծրագրերի պատասխանատուները մենք ենք, «Հանրապետականը» պատասխանատու ուժ է»: Ըստ նրա՝ բարեփոխումների տեմպով պետք է առաջ շարժվել, սակայն պետք չէ ռուբիկոններ գծել ու ասել՝ ես ռուբիկոնի այս ափին եմ, մյուսն՝ այն: «Ռուբիկոնները մենք վաղուց արդեն անցել ենք 91 թվականի սեպտեմբերի 21-ին»,-հավելեց նա:
Աժ փոխնախագահն ընդգծեց` հին ու լավ մոտեցումները պետք է շարունակվեն, իսկ նորերը կան ու կլինեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: