Մարութա Բարձր Աստվածածին եկեղեցին հասանելի կլինի ուխտավորների համար
Պատմական Մարութա լեռն ու նրա գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին այսուհետ հասանելի կլինեն ուխտավորների համար: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Բաթմանի նահանգային ղեկավարությունը նախաձեռնել է դեպի լեռ տանող 8 կիլոմետրանոց ճանապարհի կառուցման աշխատանքը, որի ավարտը նախատեսված է մեկ ամսից:
Թուրքիայի Բաթման նահանգի Սասոն (Սասուն) շրջանում գտնվող Մարութա լեռը տարածաշրջանի ամենաբարձր գագաթն է և ունի 2.973 մետր բարձրություն:
Բաթմանի նահանգային խորհրդի անդամ Յըլմազ Չաքարը հույս է հայտնել, որ նոր ճանապարհը կնպաստի այդ շրջանում զբոսաշրջության զարգացմանը: Ընդգծելով, որ Մարութան հայերի համար սուրբ լեռ է համարվում, Չաքարը նշել է, որ այսուհետ տեղի հայերը և այլ ուխտագնացներ հնարավորություն կունենան այցելելու Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչը նախկինում անհնար էր ճանապարհի բացակայության պատճառով:
Բաթմանի թանգարանի տնօրեն Վեհբի Յուրթն էլ հիշեցրել է, որ Մարութա լեռան Սուրբ Աստվածածին եկեղեցին 2013թ.-ից հատուկ պահպանության տակ է առնվել: Սակայն, ըստ թուրք մասնագետի, եկեղեցու տարածքում կատարված ուսումնասիրությունների ընթացքում եկեղեցու կառուցման տարեթվի և պատմության վերաբերյալ որևէ գրություն չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ եկեղեցին Մարութա Բարձր Աստվածածին անվամբ հիշատակվում է «Սասնա ծռերում»: Ըստ ավադության՝ եկեղեցին կառուցվել է Մեծ Մհերի պատվերով: Այն ավերվել է Մսրա Մելիքի կողմից, իսկ ավելի ուշ Դավիթն այն մեկ օրվա ընթացքում վերականգնել է: