«Սուպերմարկետները խեղդում են մանր և միջին բիզնեսին»
«Հայաստանում սուպերմարկետները խեղդում են մանր և միջին բիզնեսին: Սա փաստ է, և եթե անցնեք քաղաքի կենտրոնով, կտեսնեք, որ բազմաթիվ մանր ու միջին խանութներ կամ փակվում են, կամ տրվում են վարձով: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ խոշոր սեփականատերերը մանիպուլացիաների արդյունքում իրենց տարածքները ներկայացրել են՝ որպես մանր և միջին բիզնեսի տարբերակով աշխատող իրավաբանակն անձ: Ինչպիսի՞ մեխանիզմներ են լինելու՝ պայքարելու համար նման դեպքերի դեմ»,-այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ, դիմելով Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին, ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նշենք, որ քննարկվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Կամո Արեյանը չհերքեց, որ այս խնդիրն իսկապես առկա է. «Այո՛, պարոն Շահգելդյան, հենց Ձեր մտավախությունից խուսափելու համար ամբողջ առևտրային տարածքն է վերցվում՝ որպես օբյեկտ այդ տեսակ ապրանքների վաճառքի համար: Դրա համար նա տուք է վճարում՝ ամբողջ առևտրային օբյեկտի մակերեսից ելնելով»,- պատասխանեց նա: Շահգելդյանն էլ պնդեց, թե ՓՄՁ-ները շարունակվում են փակվել:
Այս խնդիրը բարձրացրեց նաև էր նաև «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Նա մինչ Կամո Արեյանի հարց տալը դժգոհեց, որ վերջինս թվերով չի խոսում: «Հստակ կարող եք ասել, թե այս ընթացքում քանի ՓՄՁ է փակվել և ինչու, քանի որ եթե ներկայացված օրինագիծը դրական միտում է ապահովելու, ապա պիտի հստակեցվի՝ ինչու են փակվել»,- հարցրեց Պողոսյանը: Սակայն Արեյանը պատասխանեց, թե «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի խնդիրների պատճառով ՓՄՁ-ներ գրեթե չեն փակվել. «Խնդիրն այնէ, որ բեռը մեծ է եղել և, անձը վախեցել է շուկա մուտք գործել և գործունեություն սկսել: Անհավասար պայմաններ էին, և հիմա այս օրենքով թեթևացվում է բեռը»: