Աստված պատրաստում է մեզ
Հիսուս ասում է.
-Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, և թագավորությունները՝ թագավորությունների դեմ։ Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան և տարբեր տեղերում՝ սով և համաճարակ։ Սարսափազդու և մեծամեծ նշաններ պիտի երևան երկնքից։ Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ձեզ պիտի դատեն ժողովարաններում և բանտ նետեն. Իմ պատճառով ձեզ թագավորների և կառավարիչների առաջ պիտի տանեն։ Դա առիթ պիտի լինի ձեզ համար՝ վկայություն տալու իմ մասին։
Հենց այժմվանից ձեր մտքում թող լինի սա. սկզբից մի՛ մտածեք, թե ի՛նչ պատասխան պիտի տաք, որովհետև ես ձեզ կտամ պետք եղած խոսքը և իմաստությունը, որին չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ Նույնիսկ ձեր ծնողները, եղբայրները, ազգականներն ու բարեկամները պիտի մատնեն ձեզ, սպանեն ձեզնից ոմանց։ Ամեն մարդ իմ պատճառով պիտի ատի ձեզ։ Բայց ձեր գլխից մի մազ անգամ չի կորչի։ Եվ ձեր համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները։
(Ղուկասի ավետարան 21:12-19)
Արդարև, գիտենք, որ այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, և որի մեջ ենք բնակվում, քայքայվելու է. բայց երկնքում, իբրև տուն, ունենք Աստծու կողմից պատրաստված անձեռագործ և հավիտենական մի մարմին։ Այնքան ժամանակ, որ այս հողեղեն մարմնի մեջ ենք, հառաչում ենք երկնային մարմինը հագնելու փափագով։
Միայն թե չլինի այնպես, որ երբ այս մարմնից մերկանանք, մնանք առանց մարմնի։ Այո՛, այնքան ժամանակ, քանի դեռ այս հողեղեն մարմնի մեջ ենք, հառաչում ենք՝ ասես ինչ-որ բեռան տակ ճնշված. Ոչ թե նրա համար, որ ուզում ենք այս մարմինը հանել մեր վրայից, այլ ուզում ենք երկնայի՛նը հագնել սրա վրա, որպեսզի այս մահկանացու մարմինը սուզվի կյանքի մեջ։ Աստված ինքն է, որ մեզ պատրաստում է այս փոխակերպումին, նա, որ իր Հոգին է տվել մեզ որպես գրավական։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 5:1-5)