Վանի բերդն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում
Հայաստանի պատմական մայրաքաղաք Վանի բերդը, որն այսօրվա Թուրքիայի տարածքում է գտնվում, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «haber.sol.org» լրատվակայքը: Թուրքիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Օջալ Օղուզը մանրամասնել է, որ որոշումը կայացվել է դեռևս ապրիլին, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս մասին միայն հիմա է հայտարարել:
Վանի բերդից բացի՝ Թուրքիայի ներկայացրած հայտի հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում են ընդգրկվել ևս 9 պատմամշակութային կառույցներ ու վայրեր:
Հիշեցնենք, որ հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում էր ընդգրկվել նաև հայոց մեկ այլ պատմական մայրաքաղաք՝ «հազար ու մի եկեղեցիների» քաղաք Անին: