Երևանը՝ Մետաքսի ճանապարհի քաղաքապետերի 11-րդ համաժողովին
Երևանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության Ղազվին քաղաքում անցկացված Մետաքսի ճանապարհի քաղաքապետերի 11-րդ համաժողովին, որի շրջանակում քննարկվել են Մետաքսի ճանապարհի քաղաքների, այդ թվում Երևանի դերակատարումն ու հետագա համատեղ ծրագրերի հնարավորությունը:
Երևանի քաղաքապետարանից համաժողովին մասնակցել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Միքայել Սահակյանը:
Ղազվինի քաղաքապետ Մասուդ Նոսրաթիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջերմ ողջույնները, Միքայել Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է տարբեր ուղղություններով միջազգային համագործակցության ընդլայնման ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Երևանի և Ղազվինի միջև 2014թ. Երևանում կնքված փոխըմբռնման հուշագրով ամրագրված ծրագրային աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր:
ԻԻՀ այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել նաև Մետաքսի ճանապարհի քաղաքապետերի համաժողովի ղեկավար կառույցի՝ «Աշխարհի քաղաքացիների կազմակերպության» (WCO) նախագահ Կվաակ Յանգ Հունի, ինչպես նաև կառույցի քաղաքների կրթական, ներդրումային և զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության հարցեր: