09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՔԾ-ն մանրամասներ է հրապարակել «Սասնա ծռեր»-ի ավտոմեքենաների և զենքերի մասին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Քրեական գործին միացվել են նաև ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատար Վ.Գ-ի կողմից մարտական հերթապահության կանոնները խախտելու և ռազմամթերքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ և 365-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործը, ինչպես նաև սույն թվականի հուլիսի 29-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից արձակված կրակոցներով Երևանի Սարի Թաղ թաղամասում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի հրաձիգ Փ.Մնացականյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու ոստիկանության մի շարք տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 185-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործերը: Քրեական գործով, ինչպես նախկինում հայտնել ենք, որպես մեղադրյալ ներգրավված են 60 անձինք: 50 անձինք կալանավորված են, երկուսը հետախուզման մեջ են, մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:

Նախաքննության ներկա փուլում պարզվել է, որ հանցագործություններից տուժել են 46 անձինք: Տուժել է ՀՀ ոստիկանությունը, ինչպես նաև 2 իրավաբանական անձինք («Համակցված կերերի գործարան» ՓԲԸ, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ» ՓԲԸ), մնացածը՝ ֆիզիկական անձինք են: Հանցագործություններից տուժած ֆիզիկական անձանցից 26-ը ոստիկանության աշխատակիցներ են, 17-ը՝ քաղաքացիներ: Տուժած ոստիկաններից 3-ը ապօրինաբար կյանքից զրկված ծառայողներն են (Ա.Վանոյան, Յու.Տեփանոսյան, Գ.Մկրտչյան), 10-ը տարբեր ժամանակահատվածներում պատանդառվածները, 7-ը տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ ստացածները, 2-ը տուժել են կյանքի համար վտանգավոր բռնության փորձի հետևանքով, 4 ոստիկան տուժել են անձնական գույքի հափշտակությունների արդյունքում: Տուժած քաղաքացիներից 7-ը տարբեր ժամանակահատվածներում պատանդառված բուժ. աշխատողներն են, 10-ը տուժել են գույքի դիտավորյալ ոչնչացում և գույքի հափշտակություն կատարելու արդյունքում: Քննությամբ պարզվել է, որ զինված անձանց խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք է հասել տրանսպորտային չորս միջոցներով, այդ թվում՝ երկուսը «Ֆորդ տրանզիտ», մեկը «Մերսեդես Բենց» և մեկը «Կռազ» մակնիշի: Բոլոր տրանսպորտային միջոցները հայտնաբերվել են, կատարվել են դրանց առնչվող համապատասխան քննչական գործողություններ: Ճշտվել է նաև, որ ապօրինաբար կրվող ինքնաձիգներից երկուսը ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան քարտադարաններում հաշվառված են որպես նախկին տարիներից փնտրվող:

Այս և զինյալների մյուս 12 ինքնաձիգ-հրազենների ձեռք բերման աղբյուրները պարզելու ուղղությամբ քննչական գործողությունները շարունակվում են: 06.09.2016թ. դրությամբ քրեական գործով կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ 500-ից ավելի հարցաքննություններ (վկաների, տուժողների, մեղադրյալների), քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, նշանակվել են թվով 101 փորձաքննություններ (դատաբժշկական, ապրանքագիտական, հրդեհատեխնիկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատահամակարգչային, դատափաստաթղթաբանական, դատանյութագիտական և այլն), 38 անձանցից ստացվել են նույնականացման համար փորձաքննությանը տրամադրվող նմուշներ, կատարվել են 151 խուզարկություններ, 60 առգրավումներ, 78 զննություններ, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի բազմաթիվ վերծանումներ, պահանջվել են բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, կատարվել են մի շարք այլ քննչական և դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ