ՊՊԾ գունդը գրավելու գործով կա 60 մեղադրյալ, որից 50-ը կալանավորված է. ՀՔԾ-ն մանրամասնում է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ-ից հայտնում են, որ քրեական գործին միացվել են նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատար Վ.Գ.-ի կողմից մարտական հերթապահության կանոնները խախտելու եւ ռազմամթերքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ եւ 365-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործը, ինչպես նաեւ սույն թվականի հուլիսի 29-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից արձակված կրակոցներով Երեւանի Սարի Թաղ թաղամասում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի հրաձիգ Փ. Մնացականյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու ոստիկանության մի շարք տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ եւ 185-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործերը:
Քրեական գործով, ինչպես նախկինում հայտնել ենք, որպես մեղադրյալ ներգրավված են 60 անձինք: 50 անձինք կալանավորված են, երկուսը հետախուզման մեջ են, մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:
Նախաքննության ներկա փուլում պարզվել է, որ հանցագործություններից տուժել են 46 անձինք: Տուժել է ՀՀ ոստիկանությունը, ինչպես նաեւ 2 իրավաբանական անձինք («Համակցված կերերի գործարան» ՓԲԸ, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ» ՓԲԸ), մնացածը՝ ֆիզիկական անձինք են: Հանցագործություններից տուժած ֆիզիկական անձանցից 26-ը ոստիկանության աշխատակիցներ են, 17-ը՝ քաղաքացիներ:
Տուժած ոստիկաններից 3-ը ապօրինաբար կյանքից զրկված ծառայողներն են (Ա.Վանոյան, Յու.Տեփանոսյան, Գ.Մկրտչյան), 10-ը տարբեր ժամանակահատվածներում պատանդառվածները, 7-ը տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ ստացածները, 2-ը տուժել են կյանքի համար վտանգավոր բռնության փորձի հետեւանքով, 4 ոստիկան տուժել են անձնական գույքի հափշտակությունների արդյունքում:
Տուժած քաղաքացիներից 7-ը տարբեր ժամանակահատվածներում պատանդառված բուժ. աշխատողներն են, 10-ը տուժել են գույքի դիտավորյալ ոչնչացում եւ գույքի հափշտակություն կատարելու արդյունքում:
Քննությամբ պարզվել է, որ զինված անձանց խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք է հասել տրանսպորտային չորս միջոցներով, այդ թվում՝ երկուսը «Ֆորդ տրանզիտ», մեկը «Մերսեդես Բենց» եւ մեկը «Կռազ» մակնիշի: Բոլոր տրանսպորտային միջոցները հայտնաբերվել են, կատարվել են դրանց առնչվող համապատասխան քննչական գործողություններ:
Ճշտվել է նաեւ, որ ապօրինաբար կրվող ինքնաձիգներից երկուսը ՀՀ ոստիկանության եւ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան քարտադարաններում հաշվառված են որպես նախկին տարիներից փնտրվող: Այս եւ զինյալների մյուս 12 ինքնաձիգ-հրազենների ձեռք բերման աղբյուրները պարզելու ուղղությամբ քննչական գործողությունները շարունակվում են:
06.09.2016թ. դրությամբ քրեական գործով կատարվել են բազմաթիվ քննչական եւ դատավարական գործողություններ, այդ թվում՝ 500-ից ավելի հարցաքննություններ (վկաների, տուժողների, մեղադրյալների), քննչական փորձարարություն եւ դեպքի վայրի դետալային զննություններ, նշանակվել են թվով 101 փորձաքննություններ (դատաբժշկական, ապրանքագիտական, հրդեհատեխնիկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատահամակարգչային, դատափաստաթղթաբանական, դատանյութագիտական եւ այլն), 38 անձանցից ստացվել են նույնականացման համար փորձաքննությանը տրամադրվող նմուշներ, կատարվել են 151 խուզարկություններ, 60 առգրավումներ, 78 զննություններ, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի բազմաթիվ վերծանումներ, պահանջվել են բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, կատարվել են մի շարք այլ քննչական եւ դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: