28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ-ում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը հեռանկարային կարող է լինել. վարչապետ

Հեռանկարային կարող է լինել նաեւ Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից հայտնում են, որ առանձնազրույցի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ընթացքից եւ անդրադարձել դրանց զարգացման հեռանկարներին: Հովիկ Աբրահամյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծել են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության դրական դինամիկան եւ քննարկել առեւտրատնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով Վրաստանի վարչապետին եւ նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվում երկու երկրների իշխանությունների միջեւ, եւ հայ-վրացական հարաբերությունները նկատելի առաջընթաց են արձանագրել: Այդ գործընթացին նպաստում են բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերը, եւ Ձեր այցելությունն էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը եւ´ քաղաքական, եւ´ տնտեսական առումով: Հայաստանի համար Վրաստանի դերն ու նշանակությունը կարեւորվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետը նշել է. «Վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով. եղել են բարձր մակարդակի մի շարք պաշտոնական փոխայցեր, որոնք նպաստում են մեր հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով: Ուրախալի է այն փաստը, որ մեր երկրների միջեւ տնտեսական բնագավառում համագործակցության մակարդակը բարձր է, եւ արդյունավետ է աշխատում համատեղ միջկառավարական հանձնաժողովը»: Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի անկախության 25-ամյակի հանդիսավոր արարողություններին Հայաստանի Հանրապետությունից բարձր մակարդակի պաշտոնական պատվիրակության մասնակցության համար:

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները քննարկել են առեւտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Առեւտրատնտեսական գործակցությունն ակտիվացնելու տեսանկյունից երկուստեք կարեւորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հանձնաժողովի աշխատանքներին:  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հեռանկարային կարող է լինել նաեւ Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա: Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը եւ առաջարկել համատեղ աշխատանքային խմբի ձեւաչափով քննարկել հետագա քայլերը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի եւ տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում համագործակցության մակարդակից եւ անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Հովիկ Աբրահամյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին կարեւորել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով էներգետիկ համագործակցության զարգացումը եւ ողջունել 2015 թ. դեկտեմբերին եւ 2016 թ. ապրիլին Երեւանում կայացած Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի էներգետիկ ոլորտների ներկայացուցիչների միջեւ հանդիպումները, որոնք հնարավորություն կտան նախաձեռնել եւ կյանքի կոչել տարածաշրջանային նշանակության ներդրումային ծրագրեր: Որպես այդպիսին կողմերը կարեւորել են Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի իրագործումը: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, կարեւորվել է աշխատանքների արագ ընթացքը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ