Միհրան Հարությունյանի մենամարտը կբողոքարկվի
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Rio-2016 օլիմպիական խաղերի ընթացքում ըմբիշ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը բողոքարկելու գործընթացին:
«Ինչ վերաբերում է հենց մենամարտի բողոքարկմանը, ապա մենք որոշակի խնդիրներ ունենք, թե ինչի համար ենք բողոքարկում: Մենք պետք է բողոքարկենք պասիվության համար, սակայն այն ինքն իրենով սուբյեկտիվ որոշում է»,-ասաց նա:
Հրաչ Ռոստոմյանը շեշտեց՝ ՀԱՕԿ-ը համագործակցում է միջազգային իրավաբանների հետ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: «Երբ իրենք իրենց եզրակացությունը կտան, թե ինչ ձևաչափով կարող ենք բողոքարկել, անմիջապես այդ բողոքարկումը կլինի»-ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանի սպորտդպրոցի պայմաններին, ապա նա ասաց, որ այդ մարզադպրոցը տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության ներքո է գտնվում. տնօրենին իրենք են նշանակում, և իրենք էլ վերանորոգում, կամ չեն վերանորոգում:
«Ազգային օլիմպիական կոմիտեն իր գործառույթներից ելնելով՝ մի բան էլ ավելի, շինարարություն է անում: Այս պահին նաև Գյումրիում կառուցվում է գերժամանակակից մարզկենտրոն 3 000 քմ տարածքով և ամբողջը ֆինանսավորվում է Գագիկ Ծառուկյանի կողմից»,-ասաց Հրաչյա Ռոստոմյանը: