28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի քայլին հանրության արձագանքը դեղին քարտ էր երկրի քաղաքական համակարգին. Ռ. Քոչարյան. Azatutyun.am

«Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարայանն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, տնտեսական գործընթացներին, ինչպես նաև երկրում ձևավորված բարոյաքաղաքական մթնոլորտին:

«Ազատություն»- Ինչպե՞ս եք գնահատում ռազմական, դիվանագիտական զարգացումները Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ տարածաշրջանային ընդհանուր գործընթացների համատեքստում:

Ռոբերտ Քոչարյան- Այսօր մենք ականատեսն ենք դառնում մի շարք անբարենպաստ գործոնների կուտակման, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում: Ռուսաստանյան զենքի մատակարարմամբ ռազմական հավասարակշռության խախտումը, ԼՂ հարցով միջազգային կազմակերպությունների մի քանի տհաճ բանաձևերը և զեկույցները, Ադրբեջանի նախաձեռնությամբ տարածաշրջանային համագործակցության նոր ֆորմատի ձևավորումը (իհարկե՝ առանց Հայաստանի), մեր երկիրը շրջանցող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումը: Տեղի ունեցողի աշխարհաքաղաքական հետևանքները երկարատև բացասական ազդեցություն են ունենալու երկրի տնտեսության, միջազգային և տարածաշրջանային գործերում մեր կշռի ու ազդեցության և իհարկե՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացի մեջ ներգործելու մեր ռեսուրսի վրա:

Իշխանությունները պետք է կարողանան վերլուծել կատարվողի պատճառները և գործուն բանաձև գտնել՝ հակազդելու ձևավորված մատրահրավերներին: Ընդ որում, իրավիճակը կարգավորելու համար մենք շատ ժամանակ չունենք:

«Ազատություն»- Վերջերս լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում շատ է խոսվում ղարաբաղյան կարգավորման մի տարբերակի մասին, ըստ որի, Ադրբեջանին «հողեր, շրջաններ հանձնելու» դիմաց Լեռնային Ղարաբաղին տրվելու է միջանկյալ կարգավիճակ: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

Ռոբերտ Քոչարյան- Ես ծանոթ չեմ միջնորդների՝ կարգավորման առաջարկի վերջին տարբերակի հետ, այդ պատճառով բուն փաստաթղթի քննարկումը կոռեկտ չեմ համարում: Սակայն, դատելով հակամարտող կողմերի պաշտոնյաների հայտարարություններից, ինչպես նաև մերձիշխանական ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներից, կողմերի մոտ զիջումների գնալու պատրաստակամությունը խիստ անհամաչափ է:

Հայկական կողմի մոտ այդ պատրաստակամությունը չափից դուրս շեշտադրված է, միևնույն ժամանակ, Ադրբեջանում մեզ համար սկզբունքային հարցերի վերաբերյալ զիջումների գնալու նույնիսկ ակնարկներ չկան: Այս իրավիճակը վրդովեցնում է հասարակությանը Հայաստանում և Արցախում, բացասական սպասումներ առաջացնում բանակցություններից և կարող է պարտվողական տրամադրությունների պատճառ դառնալ:

Հիմա՝ բանակցային գործընթացի վերաբերյալ: Իմ նախագահության 10 տարիների ընթացքում միայն մեկ անգամ՝ Քի Ուեսթում, մենք իրականորեն մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի հրաժարման պատճառով՝ փաստորեն հենց ստորագրման արարողության ժամանակ: Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում:

Այնուհետ հայտնվեցին «մադրիդյան սկզբունքները», որոնք միայն մասամբ էին ընդունելի մեզ համար, քանի որ ճանաչում էին ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: Բայց դա ոչ թե ստորագրման համար նախատեսված փաստաթուղթ էր, այլ սկզբունքներ էին, որոնք, միջնորդների կարծիքով, պետք է հիմք հանդիսանային ապագա համաձայնագրի համար: Այդ սկզբունքների հիման վրա միջնորդները փորձեցին կարգավորման համաձայնագիր ստեղծել, սակայն, այդ համաձայնագիրը երբեք ստորագրմանը մոտ չի եղել: Միևնույն ժամանակ, այն տարիներին երկիրը ինտենսիվ զարգանում էր, մենք առաջ էինք անցել Ադրբեջանից թե բարեփոխումներով, թե արտաքին քաղաքական ակտիվությամբ և բանակցում էինք, վստահ լինելով, որ ի զորու ենք չեզոքացնել հակամարտության ուժային լուծման ցանկացած փորձ:

Բայց այս ամենը 10 տարի առաջ էր: Ադրբեջանի գործողությունները, նրա ագրեսիվության աստիճանը, անվստահության մակարդակը բոլորովին այլ էին: Չկար հայ սպային Բուդապեշտում գլխատած հանցագործի պետական հերոսացումը, չկար ապրիլյան պատերազմը, իսկ հրադադարը խարսխված էր ուժերի հավասարակշռության վրա, ինչի մի մասն էին հանդիսանում վերահսկվող տարածքները: Ակնհայտ է, որ «Մադրիդյան սկզբունքներն» իրենց նախկին տեսքով արդեն չեն համապատասխանում նոր իրողություններին և վերանայման կարիք ունեն: Առաջին հերթին՝ անվտանգության երաշխիքների ուժեղացման համատեքստում, հանրաքվեի ժամկետների ճշգրտմամբ և դրա կապակցմամբ՝ տարածքների վերադարձի հետ: Օրինակ, համաձայնագրի անբաժանելի մաս կարող են դառնալ. ռազմական բալանսի վերականգնումը, կողմերի և միջազգային հանրության կոշտ և վերահսկվող պարտավորությունները այդ բալանսի պահպանման մասով առնվազն 25 տարի ժամկետով:

«Ազատություն»- Ո՞րն է ԼՂ հարցի՝ Ձեզ համար ընդունելի կարգավորման տարբերակը:

Ռոբերտ Քոչարյան- Բազմաթիվ անգամ խոսել եմ այդ կապակցությամբ, և իմ կարծիքը չի փոխվել: ԼՂՀ անկախությունը և Հայաստանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը չեն կարող սակարկության առարկա լինել: Ընդ որում, ապրիլյան պատերազմը պետք է կարծրացնի մեր մոտեցումները կարգավորմանը, այլ ոչ թե թուլացնի դրանք, քանի որ մեծացնում է որևէ զիջումների գնալու ապագա ռիսկերը: Կրկնվեմ. առաջին հերթին անվտանգության երաշխիքներով և հանրաքվեի կոշտ կապակցվածությամբ վերահսկվող տարածքների մի մասի վերադարձի հետ: Հաշվի առնելով փոխվստահության զրոյական մակարդակը, պետք է բացառել անորոշությունները, ինչպես նաև հակամարտության կողմերի՝ ապագա համաձայնագրի որևէ կետի ազատ մեկնաբանելու հնարավորությունը:

«Ազատություն»- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական վիճակը:

Ռոբերտ Քոչարյան- Ցավոք, ոչ մի հուսադրող բան ասել չեմ կարող: Մեր վիճակագրությունն այլևս չի արտացոլում իրական տնտեսական իրավիճակը, իսկ կառավարությունը դադարել է ձևակերպել և ձևավորել տնտեսական քաղաքականությունը: Սոցիալական ցանցերն այսօր ինչպես մարդկանց տրամադրությունների, այնպես էլ երկրում ձևավորված սոցիալ-քաղաքական իրավիճակի ամենօբյեկտիվ ցուցիչն են: Արդեն մի քանի տարի է, ինչ հասարակության մեջ դիտվում է բացասական տրամադրությունների ինտենսիվ կուտակում: Այսօր դրանք չափազանց սրվել են, ընդ որում՝ այդ տրամադրությունների ծայրահեղականացման գործընթաց է ընթանում: Դա չի կարող չանդրադառնալ ներդրումային ակտիվության, գնողական տրամադրությունների, միգրացիայի, այսինքն՝ ընդհանուր առմամբ տնտեսության վրա:

«Ազատություն»- Ի՞նչ գնահատական կտաք «Սասնա ծռեր» խմբի գործողությանը:

Ռոբերտ Քոչարյան – Ռադիկալ դրսևորումներ կարող են լինել ցանկացած, նույնիսկ ամենաբարեկեցիկ և ժողովրդավարական երկրներում: Ամենուրեք կգտնվեն մարդիկ, ովքեր ծայրահեղությունների մեջ կտեսնեն քաղաքական և սոցիալական խնդիրների լուծման ուղին: Հարցն այն է, թե ինչպես է արձագանքում հասարակությունը ներքաղաքական խնդիրների ուժային, զինված լուծման փորձերին: Ինձ առավելապես մտահոգել է մեր հասարակության ռեակցիան տեղի ունեցածին: Չնայած զոհի առկայությանը, ընդամենը մեկ օր հետո հասարակության մեջ գերակշռող դարձավ զինված խմբի ընկալումը՝ որպես ապստամբների, որ մարտահրավեր են նետել իշխող ռեժիմին:

Սա խոսում է մարդկանց տրամադրությունների, իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքի, այն ճնշման մասին, որ գործում են հասարակական գիտակցության վրա քրոնիկ դարձած քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները: Սա դեղին քարտ է երկրի քաղաքական համակարգին: Կրկնվեմ. ոչ թե ինքնին ոստիկանական գնդի գրավման փաստը, այլ հասարակության արձագանքը այդ գործողությանը, փողոցում ու սոցիալական ցանցերում մասսայական աջակցության արտահայտումը և կատարողների հերոսացումը:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ