Հայաստանը բավականին թանկ է վճարում ՄԻԵԴ-ի վճիռների համար
Կառավարության այսօր`սեպտեմբերի 2-ին հրավիրված նիստի ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որում ներկայացվում էր, թե վերջին տարիներին Հայաստանը որքան գումար է վճարել Մարդու իրավունքների դատարանում՝ ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների համար:
Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ 2014 թվականին Հայաստանի դեմ կայացվել է չորս վճիռ, որի դիմաց վճարվել է 166 հազար եվրո, 2015 թվականին՝ ութ վճիռ և վճարվել է 86 հազար եվրո:
Իսկ արդեն 2016 թվականին կայացվել է կրկին ութ վճիռ և վճարվել 83 հազար եվրո:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձեց պարզաբանում ստանալ , թե ինչի հետևանք են ընդդեմ Հայաստանի կայացված վճիռները:
«Պատճառները, կարծում եմ, պարզ են, դա մեր դատական համակարգում առկա սխալներն են, իհարկե, բոլոր երկրներում էլ լինում են սխալներ, բայց երբ երկրում սպառվում են սխալը շտկելու միջոցները, մարդիկ դիմում են ՄԻԵԴ»,- արձագանքեց Հարությունյանը: