17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Սեպտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պոտսդամում մասնակցեց «Միասին դիմագրավելով ընդհանուր մարտահրավերներին» խորագրով ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության կողմից կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ 57 մասնակից երկրների, Եվրոպական միության բարձրաստիճան պատվիրակություններ:

Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց Հայաստանի տեսակետները` ԵԱՀԿ տարածքում անվտանգության ապահովման վերաբերյալ:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, նշեց. «ԵԱՀԿ տարածաշրջանի յուրաքանչյուր մարտահրավեր հարկավոր է լուծել երկխոսության միջոցով: Մենք անվերջ կարող ենք բանավիճել այդ երկխոսությունը ձևավորող ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների էության եւ շրջանակների շուրջ: Այնուամենայնիվ, եթե համաձայնության չգանք մեկ հիմնարար սկզբունքի շուրջ, ապա մեր ջանքերը պարզապես ապարդյուն կլինեն: Խոսքը ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի մասին է: Անվերապահ հավատարմությունն ուժի չկիրառման սկզբունքին կենսական է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից:

Այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախապես ծրագրված եւ իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով եւ վայրագություններով, այս հակամարտության սոսկ հերթական սրացումը չէր: Դա մարտահրավեր էր ԵԱՀԿ տարածաշրջանի ընդհանուր անվտանգությանն ու կայունությանը: Դա լրջորեն հետ նետեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը»:

Նախարարն ընդգծեց, որ ուժի կիրառման նման փորձերը, որպես բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու միջոց, համապատասխան արձագանք չստանալու դեպքում, կարող են հանգեցնել լրջագույն անկայունության` հղի անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար: Հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ վստահությունը վերականգնելու համար պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ` ուժի կիրառումը բացառելու և պայմաններ ստեղծելու խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով:

«Սա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած երկու գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հարկավոր է իրագործել այն, ինչն ընդգծվել և համաձայնեցվել էր այս հանդիպումների շրջանակներում` 1994-1995թթ. հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի ամբողջական կատարում, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում»,- հավելեց նախարարը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խոսքով, ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները նույնական չեն, երբ խոսքը վերաբերում է սկզբունքներին, որոնց հիման վրա այդ հակամարտությունները պետք է կարգավորվեն: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն: Գոյություն ունի մեկ ընդհանուր սկզբունք՝ ուժի չկիրառումը, որին պետք է հետամուտ լինել բոլոր հակամարտությունների պարագայում։

ԱԳ նախարարը նշեց, որ «Կամ այն ձևով, ինչպես մենք ենք ասում, կամ պատերազմ» մոտեցումը տանում է փակուղի: Էդվարդ Նալբանդյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս կարգի ձևակերպումներ են հնչում ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դիվանագետների կողմից, ովքեր, արհամարհելով ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արված հինգ հայտարարությունները, փորձում են սեփական ընկալումներն ու տեսակետները ներկայացնել որպես հանգուցալուծման միակ ճանապարհ: «Երբ անգամ դիվանագետներն են խոսում նման լեզվով, ապա խնդիրն այստեղ ավելին է, քան զուտ կամքի բացակայությունը»,-հավելեց Հայաստանի արտգործնախարարը:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով, հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինեն և հակամարտությունների կառավարման, և դրանց կարգավորման հիմքում: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումը կենսական նշանակություն ունի այս հակամարտության կարգավորման գործընթացում որևէ էական առաջընթաց ապահովելու համար:

Անդրադառնալով սպառազինությունների վերահսկման խնդրին` նախարարը նշեց. «Մեծ հետաքրքրությամբ ծանոթացանք ԵԱՀԿ գործող նախագահի՝ օգոստոսի 26-ի հոդվածին, որում առաջարկվում է վերագործարկել սպառազինությունների վերահսկողությունը: Հայաստանը մշտապես համագործակցային անվտանգության բարելավված համաձայնությունների կողմնակից է եղել՝ միտված ԵԱՀԿ տարածաշրջանում թափանցիկության և կանխատեսելիության ավելացմանը՝ հիմնված զսպման և ռիսկերի նվազեցման սկզբունքների վրա: Հենց այս մոտեցմամբ է Հայաստանը պատրաստվում ներգրավվել Եվրոպայում սպառազինությունների վերահսկողության ապագային առնչվող քննարկումներում: Հարձակողական սպառազինության ահագնացող տեմպերով կուտակումը և անվերահսկելիությունը պետք է կանխվեն»:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը գնահատում է Վիեննայի փաստաթղթի արդիականացմանն ուղղված ջանքերը, բայց նաև պետք է առավել քայլեր ձեռնարկվեն՝ ապահովելու ներկայիս Վիեննայի փաստաթղթի և սպառազինությունների վերահսկողությանն առնչվող ԵԱՀԿ հանձնառությունների իրականացումը: ԱԳ նախարարը հավելեց, որ Երևանը բարձրաձայնել է Վիեննայի փաստաթղթի առանցքային դրույթների, ներառյալ` զորավարժությունների և տեսչական ստուգումների հայտագրման շարունակական խախտումների մասին:
«Մենք մշտապես ընդգծել ենք հակամարտությունների գոտիների բնակչության իրավունքների պաշտպանությունը, ԵԱՀԿ կարողությունների ամրապնդումը նախևառաջ հակամարտությունների դաշտային առաքելություններում, բոլոր երեք հարթություններով վստահության միջոցների ամրապնդումը։ Այս առումով, առաջնային պետք է լինի Վիլնյուսում ընդունված համապատասխան որոշման ամբողջական կիրառումը և դրանից բխող պարտավորությունների կատարումը»,-իր խոսքը եզրափակեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ