04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երեւանում ռազմական շքերթ կլինի. Հայկական Ժամանակ

ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին Երեւանում նախատեսված է ռազմական շքերթ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր այս տեղեկությունը նշելով որ առայժմ այս հարցի վերաբերյալ որեւէ բան չի կարող ասել: «Եթե որոշվի, որ ռազմական շքերթ է նախատեսված, կիրազեկենք այդ մասին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Հարցին` հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արդյոք շքերթ իրականացնելու անհրաժեշտություն չկա, նա պատասխանեց «Նման հարցերը որոշում են այլ մակարդակում, մեկնաբանելու բան չկա»:

Շքերթ իրականացնելու պարագայում, եթե 200 միլիոն դոլարանոց ռուսական վարկի շրջանակում ձեռքբերվելիք ռազմատեխնիկայի մի մասն արդեն Հայաստա­նում լինի, դրանք կցուցադրվեն հարցրինք նախարարի խոսնակին: «Ոչինչ չեմ կարող ասել: Սովորաբար շքերթների ժամանակ ՀՀ-ի սպառազինության, զենք- զինամթերթի որոշ տեսականին է ցուցադրվում, ոչ ամ­բողջը, բայց դա, էլի եմ ասում որոշվում է այլ հարթու­թյունում»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով եթե շքերթ եղավ, ցուցադրվելիք սպառազինության տեսականին կախված կլինի նաեւ ռազմական գաղտնիությունից, եթե ռազմական գաղտնիության թույլատրելի սահմա­նում եղավ, ապա կցուցադրվի նախորդ շքերթներում ցուցադրված տեխնիկայից բացի նաեւ այլ տեխնիկա: Հիշեցնենք, ՀՀ-ում վերջին անգամ ռազմական շքերթ եղել է 2011 թվականին ՀՀ անկախության 20-ամյակին: Նախորդ զորահանդեսին մասնակցել են շուրջ 4 հա­զար զինվորականներ, իսկ Հանրապետության հրա­պարակով անցել է մոտ 300 միավոր զինտեխնիկա:

Ցուցադրվել են հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության Տ-300 զենիթահրթիռային համա­լիրներ, «Точка У» տեսակի հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, որոնք հայաստանյան ռազմարդյունաբերա­կան համալիրի նորագույն արտադրատեսակներից էին, ցուցադրվել են նաեւ ՆԱՏՕ-ական դասակարգ­մամբ «Scud» տիպի ռուսական արտադրության հր­թիռներ, որոնց հեռահարությունը կազմում է մինչեւ 300 կմ:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նույն տարվա հունիսի 26-ին տեղի ունեցած շքերթին էլ մասնակցել է 6 հազար մարդ: Ռազմական շքերթի ժամանակ ցու­ցադրվել է Ռուսաստանից ստացված Տ-300 զենիթահրթիոային համալիրը, «Matador» եւ «Marauder» տեսա­կի հակատանկային տրանսպորտային միջոցները: Ցուցադրվել են նաեւ իսրայելական ընկերության հետ համատեղ արտադրված անօդաչու սարքեր, համազարկային կրակի 107 միլիմետրանոց ռեակտիվ հա­մակարգեր եւ այլ տեխնիկա, Թուրքիայից գնված «Cobra» տեսակի զրահատեխնիկա:

Ռազմական շքերթի անցկացման մասին պաշտո­նապես թերեւս հայտնի կդառնա առաջիկա օրերին: Նկատենք, որ մեծամասշտաբ այսպիսի զորահանդես կազմակերպելն ու անցկացնելը ենթադրում է ֆինան­սական լուրջ ծախսեր` մի քանի միլիոն դոլար: Մյուս կողմից, սակայն, հատկապես ապրիլյան պատերազ­մից հետո շքերթի անցկացումը ավելի է կարեւորվում:

Ընդ որում, շքերթի կազմակերպիչները պետք է ձգտեն ցուցադրել հնարավորինս արդիական եւ հնարավորինս ահեղ զինատեսակներ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ