«Շտապօգնություն»-ից ասացին` եթե գումարը չբերեք, դատի կտանք.Իրավունք
«Իրավունք» թերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Լարիսա Արսենյանը, որն իր եղբոր ընտանիքի հետ վարձով բնակվում է Արտաշատում սոցիալապես ծանր վիճակում: Կնոջ խոսքով` հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը եղբոր առողջական վիճակը վատացել է: Զանգահարել են «Շտապօգնություն», որն էլ ԱԻՆ-ի աշխատակիցների հետ հիվանդին տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Այնտեղից էլ խորհուրդ են տվել Արսենյանին տեղափոխել Երեւանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, քանի որ շտապ անհրաժեշտ է կատարել ստենդավորում: «Արտաշատից Երեւան բերելու համար «Շտապօգնության» Արտաշատի մասնաճյուղը, տիկին Լարիսայի խոսքով, պահանջել է 25.000 դրամ: «Այդ պահին մեր ունեցածը 10.000 դրամ էր, դա ենք վճարել: 15.000 էլ խոստացանք մեկ շաբաթվա ընթացքում տալ, սակայն այնպես եղավ, որ այդ գումարը հայթայթել չկարողացանք: Մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ զանգել են մեզ, ասում են` բերեք այդ գումարը, թե չէ դատի կտանք, այլեւս չենք սպասարկի ձեր հիվանդին»,- մանրամասնեց նա:
Արսեն Արսենյանը` Լարիսա Արսենյանի եղբայրը, հիմա «Նորք Մարաշ ԲԿ-ում է, 2-րդ կարգի հաշմանդամ է, ոտքն անդամահատված, «Փարոս» համակարգի շահառու: «Հնարավորություն չունենք ստենդ դնելու, քանի որ դա մեծ գումար է: Դիմել ենք առողջապահության նախարարություն երկու անգամ, սակայն մերժում ենք ստացել: Խնդրում եմ` եթե կարող են, թող օգնեն մեզ: Եղբորս վիճակն այնպես է, որ չենք կարող նրան տուն տանել»,- օգնություն է հայցում Լարիսա Արսենյանը:
«Իրավունք»-ը կապ հաստատեց առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանի հետ` պարզաբանում ստանալու: «Անվճար ստենդավորում ՀՀ-ում կատարում են «Փարոս» համակարգում 36 եւ ավելի միավորներ ունեցողների համար: Իսկ ձեր նշած հիվանդը ունի 30 բալ: Բայց կարող են առողջապահության նախարարի անունով գրավոր դիմում ուղարկել: Հանձնաժողովը կուսումնասիրի խնդիրը, ու եթե հնարավոր է, պետությունն կաջակցի»,- ասաց ԱՆ-ի մամլո խոսնակը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում