Ինչու աշխարհը միանգամից գժվեց․ ռուս քաղաքագետները՝ Հայաստանի, Թուրքիայի ու Ղազախստանի դեպքերի մասին
Թվում է՝ աշխարհը խելագարվել է, Նիսում մարդկանց վրա են կրակում, Թուրքիայում ռազմական ուղղաթիռները ռմբակոծում են երկրի խորհրդարանը, Հայաստանում ու Ղազախստանում հարձակվում են ոստիկանների վրա, գրում է Комсомольская Правда-ն։
Եւ այս ամենը՝ ընդամենը 4 օրում։ Կայքն այս թեմայով զրուցել է քաղաքագետներ Դմիտրի Աբզալովի եւ Ալեքսեյ Մուխինի հետ։
Աբզալովի կարծիքով՝ թեեւ իրավիճակները նման են, սակայն ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանում եւ Ղազախստանում տեղի ունեցածը լայնամասշտաբ չէ։
«Ի սկզբանե՝ Հայաստանում գրոհողները ծրագրում էին միայն իրենց աջակցին ազատել, սակայն, տպավորվելով թուրքական իրավիճակից, երկրի ղեկավարության փոփոխումն էլ պահանջեցին։ Իսկ Ղազախստանում ծայրահեղականները փորձում էին իրենց վրա ուշադրություն գրավել»,- ասել է նա։ Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ոչինչ ինքն իրեն տեղի չի ունենում։
«Եթե դա զինված հեղափոխություն լիներ, ապա Հայաստանում միանգամից մի քանի օբյեկտի վրա կհարձակվեին։ Ակնհայտ է, որ սա միջին պատրաստվածության ակցիա էր։ «Գունավոր հեղափոխության» մասին խոսք անգամ լինել չի կարող։ Սակայն ԱՄՆ-ի Պետդեպը, որը ֆինանսավորում է հայկական ընդդիմությունը, փորձում է Մոսկվայի հայացքն ուղղել դեպի մեծ քանակի ընդդիմությունները, որոնք տեղի են ունենում։ Ղազախստանի ընդդիմությունը նույնպես արտաքին աջակցություն ունի եւ թեեւ այս միջադեպը փոքր էր, սակայն նպատակ ուներ ցույց տալ, որ Ղազախստանում ներքին անհանգստություն կա»,- ասել է նա։
Ալեքսեյ Մուխինն էլ նշել է, որ թեեւ արտաքինից Թուրքիայում, Հայաստանում ու Ղազախստանում տեղի ունեցածները նման չէին, սակայն միեւնույն ֆոնին տեղի ունեցան՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի այցի ժամանակ Մոսկվա։
«Ամենայն հավանականությամբ՝ մեր աչքերից գաղտնի պահվող նպատակ կար։ Ես կասկածներ ունեմ, որ Քերրիի համար իր դիրքերն ամրացնելու փաստեր էին պետք, ինչի համար էլ այդ ամենը տեղի ունեցավ։ Օրինակ, Երեւանում ԱՄՆ դեսպանատունը բավական մեծ է, եւ երբ հարձակվեցին ոստիկանության վրա, անմիջապես Երեւանում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացի դիվանագետներին կանչեց արձակուրդներից, որպեսզի «ռազմական պատրաստվածության» լինեն»,-նշել է նա։