Ինչպես է ՀՀՇ-ի ակունքներով տեղավորվել ”իշխանության ափսեում”

”Ես կուսակցության անդամ չեմ, ես գնում եմ Երևան քաղաքի կառավարման խնդիրներին մասնագիտական մասնակցություն ունենամ, ես քաղաքական ընտրություններին չեմ մասնակցել: Կարող է 2017-ին մասնակցեմ, այն ժամանակ այդ հարցին կպատասխանեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակի երրորդ համարը` Հովհաննես Թոքմաջյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է ՀՀՇ-ական ակունքներով ընդդիմադիր, ՀՀՇ-ի գաղափարական հայր Էդուարդ Եգորյանի մտերիմ ընկերն այժմ իրեն զգում ”իշխանության ափսեում”:
”Համենայն դեպս ասեմ, որ եղած ցուցակների մեջ, եթե պլյուսներն ու մինուսները հաշվում ենք` և հին, և նոր, ամենալուրջը այն ցուցակն է, որտեղ ես ներկայացված եմ: Այնտեղ շատ մասնագետներ կան ու մոտեցումներն էլ ինձ դուր են գալիս, բայց քաղաքական գնահատականներ տալն էլ ոչ ճիշտ եմ համարում”,-հավելեց Թոքմաջյանը:
Նրա խոսքով` պետք է հասկանալ, որ ավագանու ընտրությունները քաղաքական չեն և պետք է զերծ մնալ դրանց լարվածություն հաղորդելուց: Ինքը այստեղ ընդգրկվելով` ցանկանում է լուծել մի շարք խնդիրներ` կապված իր ոլորտի հետ: ”Ես համալսարանը չեմ թողնելու գնամ քաղաքապետարան, ինձ պետք է, որ այս խնդիրները լուծվեն և ես գիտեմ մի բան, որ այսօրվա թեկնածուներից ժողովուրդն ընդունում է Տարոն Մարգարյանին` որպես անձ ու որպես մարդ` այս ժողովրդի նահապատեկան ընտանիքում դաստիարակված”,-նշեց Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտորը: