Համբավը՝ գործերից առաջ.Գեներալ Մանվելը տոնում է իր 60 ամյակը /վիդեո/
«Մարդիկ կան, որոնց համբավը իրենց գործերի շնորհիվ շատ արագ է տարածվում: Մանվել Գրիգորյանը այն զորահրամանատարներից է, ում մասին նախ լսեցի, ապա նաև ծանոթացա: Մանվել Գրիգորյանի մասին միշտ պատմում էր սպարապետ Վազգեն Սարգսյանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր՝ հուլիսի 14-ին Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը ասաց գրականագետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Դևրիկյանը:
Դևրիկյանի խոսքով՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մեջ մի քանի հատկանիշներ զուգակցվում են, և այդ հատկանիշների շնորհիվ էլ ի հայտ է գալիս նրա բացառիկ ռազմական տաղանդը:
«Մատաղիսի ուղղության վրա՝ Մեծ Շենում բախտ ունեցա ծանոթանալ այդ ժամանակ արդեն լեգենդար զորահրամանատարի հետ»,-հիշեց Վարդան Դևրիկյանը:
Դևրիկյանը հիշեց 1994 թվականի ծանր ու պատասխանատու օրերի մասին, երբ Մանվել Գրիգորյանը իր զինվորներին հրամայել էր՝ ոչ մի իրավիճակում չթողնել առաջնագիծը և տուն չգնալ. «1994 թվականի մարտին, երբ զգացվում էր առաջիկա մարտական ակտիվ գործողությունների ընթացքը՝ որոշվեց որ ոչ մեկը չի գնալու Հայաստան: Հենց այդ ժամանակ զորավարի եղբայրը Էջմիածնում մահացավ: Բոլորը սպասում էին զորավարի ռեակցիային: Նա ասաց՝ չեմ գնա, որովհետև բոլորի եղբայրն էլ եղբայր է: Նա իր կողքին էր պահում իր 14 տարեկան տղային՝ Էջմիայնի այսօրվա քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Ես հարցրել եմ, թե ինչո՞ւ է դաժան փորձության ենթարկում տղային՝ առաջնագիծ տանելով: Նա ասաց, որ եթե մարտական անճշտության պատճառով զոհ ունենամ, ապա նախ ես ու իմ տղան թող պատասխան տանք, որովհետև ինչպես իմ տղան մայր ունի, այնպես էլ մյուս զինվորներինը»:
Վարդան Դևրիկյանը խոսեց Մանվել Գրիգորյանի հատկանիշների և նրա կազմավորած եռասերունդ երկրապահ կառույցի կարևորության մասին:
Մարտական ընկերը Մանվել Գրիգորյանին մաղթում է մնալ այնպիսին, ինչպիսին կա:
Henaran.am-ի խմբագրակազմը նույնպես միանում է շնորհավորանքին և գեներալ Մանվել Գրիգորյանին՝ մաղթելով խաղաղ երկինք և լուսավոր օրեր:
Մանրամասները՝ տեսանյութում: