Դա հակահարված էր Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը․ Շարմազանով
Երեւանում ընթացող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել, համաձայն որի՝ ՀԱՊԿ անդամ երկրներն աջակցություն են հայտնում մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին։
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այս հայտարարությունը բխում է պաշտոնական Երեւանի շահերից: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ հայտարարությամբ ՀԱՊԿ անդամ երկրները իրենց անհամաձայնությունն են հայտնում Ադրբեջանի վարած քաղաքականությանը:
«Միշտ չէ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ բոլոր երկրներն արտահայտել են այն դիրքորոշումները, որը բխել է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշման և ՀԱՊԿ գործընկեր Հայաստանի շահերի։ Սակայն այս հայտարարությամբ պաշտպանվեց Հայաստանի շահերն ու հակահարված հասցվեց Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը։ Ավելի վաղ Ղազախստանը, եւ Բելառուսը մերթընդմերթ հանդես են եկել հայտարարությամբ, որոնք հակասել են թե ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը, թե Հայստանի դիրքորոշմանը: Եվ պատահական չէ, որ քառօրյա պատերազմից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ երկրների նախագահների հանդիպման ժամանակ նշեց, որ մենք ունենք դաշնակիցներ, որոնք իրենց նույնիսկ նեղություն չեն տալիս՝ զանգահարելու, հետաքրքրվելու՝ պատերազմից հետո ինչպիսին է իրավիճակը: ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը հանրապետությանՆախագահի ճկուն ու խիստ քաղաքականության շնորհիվ էր»,- ասաց նա։
Էդուարդ Շարմազանովն առանձնացրեց այդ հայտարարության կարեւոր կետերը։ դրանցից մեկը, ըստ նրա, այն է, որ համաձայն հայտարարության՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների պաշտոնական դիրքորոշումն է, ընդունում են, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով։
«Նշեցին երեք հայտնի սկզբունքները, այդ թվում, որը շատ կարևոր է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը: ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, մասնավորապես հենց Ղազախստանն էլ, որի նախագահը հայտնի է եղել ադրբեջանամետ քաղաքականությամբ, այստեղ՝ Երևանում, վերահաստատում են, որ ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է»,- ասաց նա։
Մյուս կարեւոր կետն այն է, որ տեւական ժամանակ թուրքալեզու պետություններից մի քանիսը, այդ թվում նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, ջանք չեն խնայում Թուրքիային ներգրավել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդ, սակայն, ՀԱՊԿ անդամ երկրները հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ն դեմ է Մինսկի խմբի համանախագահության փոփոխությանը եւ սատարում է Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:
«ՀԱՊԿ անդամ երկրները ասում են, որ Թուրքիան ղարաբաղյան կարգավորման գործընթացում անելիք չունի»,- ասաց նա։