28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

“Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին” կոնֆերանս Իսպանիայի Սենատում

Ապրիլի 11-ին Իսպանիայի Թագավորության  Սենատում կայացավ կոնֆերանս` “Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին” խորագրով: Հայաստանից կոնֆերանսին մասնակցելու համար հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ` Հայաստան-Եվրամիություն Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ Եվրանեստ ԽՎ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

Միջոցառմանը  ներկա էին Իսպանիայի երկպալատ Խորհրդարանը ներկայացնող սենատորներ եւ կոնգրեսականներ, երկրի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան ներկայացնող բարձրաստիճան դիվանագետներ, Լիտվայի եւ Իռլանդիայի դեսպանները, քաղաքական փորձագետներ, Հայաստանի հետ փոխգործակցող իսպանացի գործարարներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ: 

Միջոցառումը վարում էր Իսպանիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մունյոս-Ալոնսո Լեդոն:

Իր ողջույնի խոսքում նա, գնահատելով նման միջոցառումը որպես “փայլուն առիթ իսպանացի օրենսդիրների կողմից բարեկամ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ Իսպանիայի համակրանքն արտահայտելու համար”, անդրադարձավ հայ-իսպանական պատմական կապերին, մասնավորապես՝ Հայկական Կիլիկիայի վերջին` Լեւոն 5-րդ թագավորին 14-րդ դարում Կաստիլյայի Խուան Առաջին թագավորի կողմից ապաստան տալու եւ իսպանական երեք քաղաքների (այդ թվում՝ Մադրիդի) տիրությունը Լեւոն 5-րդին  շնորհելու պատմական փաստին: Ալեխանդրո Մունյոս-Ալոնսո Լեդոն խոսեց նաեւ Հայաստանի խորհրդայնացումից հետո  Ստալինի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ ընդգրկելու մասին՝ որակելով այն որպես “բաժանիր, որ տիրես” սկզբունքի վառ օրինակ:

Իսպանիայի Խորհրդարանի անունից բանախոսող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում իսպանական պատվիրակության նախագահ Խոսե Մարիա Բենեյտոն նշեց, որ Իսպանիան իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու խնդրի ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը: Անդրադառնալով հայ-իսպանական կապերին Խոսե Մարիա Բենեյտոն նշեց, որ հարկավոր է խորացնել ոչ միայն քաղաքական երկխոսությունը, այլ նաեւ նպաստել հայ-իսպանական գործարար կապերի ընդլայնմանը՝ ընդգծելով Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչության բացման անհրաժեշտությունը: “Լինելով շատ լավ բարեկամներ, ունենալով շատ ընդհանրություններ թե՛ հավատքի, եւ թե՛ պատմական անցյալի առումներով՝ մենք պետք է հզորեցնենք մեր կապերը”,- եզրափակեց բանախոսը:

Հայ-իսպանական հարաբերությունների ամփոփ ներկայացմամբ հանդես եկավ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, որին հաջորդեցին Հայաստանի օրենսդիր մարմնի պատվիրակների ելույթները:

Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ներկայացրեց Հայաստանի արձանագրած հաջողությունները եվրաինտեգրման ճանապարհին՝ կարեւորելով մոտ ապագայում Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը, որը նոր էջ եւ ելակետ կդառնա պատմականորեն եվրոպական քաղաքակրթություն հանդիսացող եւ ժողովրդավարական արժեքների կրող Հայաստանի համար:

Եվրանեստ Խորհրդարանական Վեհաժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի ելույթը կրում էր` “Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. ակունքներ, զարգացումներ եւ ներկայիս իրավիճակ” խորագիրը, որի ընթացքում բանախոսն անդրադարձավ հիմնախնդրի պատմական ու քաղաքական դրդապատճառներին, իրավական ասպեկտներին, ինչպես նաեւ  ներկայացրեց բանակցային գործընթացում ադրբեջանական կողմից դրսեւորվող ապակառուցաղական վարվելակերպին հակառակ` հայկական կողմի հետեւողական ու հավասարակշռված պահվածքը` հանուն ողբերգական անցյալի հաղթահարման, տարածաշրջանի խաղաղ ապագայի եւ համակեցության:

Ելույթով հանդես եկավ նաեւ հայ ժողովրդի մեծ բարեկամ, իսպանացի ճանաչված գրող եւ լրագրող, Հայոց ցեղասպանության թեմային նվիրված բազմաթիվ գրքերի եւ հոդվածների հեղինակ Խոսե Անտոնիո Գուռիարանը, որն իր խոսքում մեծ հարգանք եւ հիացմունք արտահայտեց հայ ժողովրդի փառապանծ անցյալի, ազատասիրության, այդ թվում` արդար ազատագրական պայքարում հաղթանակած Արցախի ժողովրդի նկատմամբ, որի վերածննդի ականատեսն է եղել անձամբ 2007թ.-ին՝ Հայաստան եւ Արցախ իր այցելության ժամանակ:

Իսպանիայի Խորհրդարանի վերին պալատում կազմակերպված միջոցառումն ավարտվեց բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալեւայի նկարահանած Արցախի ազատագրական պայքարին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ