Ինչո՞ւ է Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 28-ին որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւս 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7,5 տոկոս:
Վերջին մեկ տարվա ընթացքում ԿԲ-ն արդեն 7-րդ անգամ գնաց այդ քայլին: Մինչ անցյալ տարվա օգոստոս վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվում էր 10,5 տոկոսի վրա: 2015-ի օգոստոսից սկսած ԿԲ-ն պարբերաբար իջեցնում է այն, ինչը պայմանավորված է որոշ գործոններով:
Նախ՝ հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը Կենտրոնական բանկի կողմից գնաճի զսպման գործիքներից մեկն է: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում է գնանկում, ԿԲ-ն թուլացնում է դրամավարկային քաղաքականության պայմանները՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկսադրույքը: Այսինքն, ոչ միայն Կենտրոնական բանկի կողմից սահմանված 4 տոկոս + – 1,5 տոկոս միջակայքում գտնվող գնաճ չկա, այլեւ 2016 թ. մայիսին արձանագրվել է 0,7 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,5 տոկոսի դիմաց:
Այս պարագայում, 12-ամսյա գնաճի ցուցանիշը բացասական է՝ 2,1 տոկոս գնանկում: Կենտրոնական բանկն իր որոշումը պայմանավորվում է նրանով, որ պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը եւ միջազգային ապրանքային շուկաներում հարաբերական կայունությունը, թեեւ որոշ ապրանքների գծով դիտվել են որոշակի գնաճային միտումներ:
Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը առաջիկա ամիսներին արտերկրից էական գնաճային ազդեցություններ չի սպասում եւ գտնում է, որ կպահպանվի ցածր գնաճային միջավայր եւ միայն տարվա երկրորդ կիսամյակում գնանկումը զգալիորեն կդանդաղի:
Մյուս կողմից՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը խթանում է տնտեսական աշխուժությունը: Հայաստանի Հանրապետությունում հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն, ինչն ուղեկցվել է համախառն պահանջարկի որոշակի վերականգնմամբ:
Ըստ Կենտրոնական բանկի, չնայած դեռևս պահպանվող ցածր ներքին պահանջարկի, վերջին ժամանակահատվածում ԿԲ և կառավարության կողմից իրականացված խթանող քաղաքականության հետևանքով, պահանջարկը վերականգնվում է սպասվածից ավելի արագ տեմպերով, ինչի վկայությունն է առևտրի, ապրանքների ներմուծման, տնտեսության վարկավորման մասով արձանագրված աճը:
Փաստորեն, ցածր գնաճի պարագայում արձանագրվող սպասվածից ավելի բարձր տնտեսական ակտիվությունը լավ պայմաններ է ստեղծել վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման միջոցով խրախուսել վերջինիս:
Եթե նկատի ունենանք, որ դրամի փոխարժեքը նույնպես կայուն է եւ ազգային արժույթը շարունակում է արժեւորվել թե գյուղմթերքների սեզոնով, թե զբոսաշրջության աշխուժությամբ, թե արդյունաբերական արտադրանքի ավելացմամբ եւ արտահանման աճով, ինչպես նաեւ ամերիկյան դոլարի թուլացմամբ պայմանավորված, ապա վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը միանշանակորեն ճիշտ քայլ պետք է համարել: Ավելին, վերոնշյալ գործոնների առկայությունը թույլ է տալիս ասել, որ 0,25 տոկոսային կետով իջեցումը չափից շատ զգուշավոր է: Տնտեսական աճին խթանելու բավականին հարմար ներկայիս ժամանակահատվածում այն ավելի մեծ չափով կարելի էր իջեցնել: