Վանաձորցի Հենրիկը թալանել է ամերիկյան բանկերը

Վանաձոր քաղաքի բնակիչ Հենրիկ Գրիգորյանը կարողացել է Միացյալ Նահանգների քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել նրանց պատկանող գումարները` գնելով ԱՄՆ քաղաքացիներին պատկանող բանկային գողացված տվյալներ:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Հ. Գրիգորյանը 2009 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինտերնետային www.visaveryfai.ru կայքից 2-10 ԱՄՆ դոլարով գնել Է ԱՄՆ քաղաքացիներին պատկանող և ԱՄՆ բանկերում սպասարկվող բանկային գողացված պլաստիկ քարտերի տվյալներ (քարտապանի անուն, ազգանուն, 16 նիշանոց համարը, քարտի թողարկման և գործունեության ժամկետը, քարտի CVV եռանիշ կոդը):
Մտադրություն ունենալով բանկային այդ հաշիվների վրա առկա գումարները հափշտակել, նա այնուհետև` 2009 թվականի նոյեմբերին, ԱՄՆ քարտապանների հաշիվներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ 2 դրվագով հափշտակել Է 361 800 և 461 500 դրամ (ընդհանուրը` 823 300 դրամ): Վերոնշյալ գումարից 461 500 դրամի եկամուտներն օրինականացրել Է (փողերը լվացել է):
Այս ամենի արդյունքում ԱՄՆ բանկերի կողմից Հայաստանյան սպասարկող բանկ հանդես եկած “Հայբիզնեսբանկ›” ՓԲ ընկերությանը ներկայացվել են հափշտակված գումարների հետգանձումների պահանջներ: Դժվար է ասել ԱՄՆ բանկերից Վանաձորի բնակիչը դեռ որքան գումար կհափշտակեր, եթե այնտեղ գումարների “հոսակորուստը” չհայտնաբերեին ու չներկայացնեին այդ պահանջը, ինչից հետո, բնականաբար, գործին խառնվել են հայաստանյան իրավապահները:
Վերոնշյալ արարքի համար Հենրիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (“Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ›”) և 190-րդ հոդվածի (“Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (լեգալացնելը)”) 1-ին մասերի հատկանիշներով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: