Վալերյանկա չկա, հանգստացի՛ մի հատ. Փաշինյանը՝ Բիշարյանին
ԱԺ արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ այսօր օրերին իր հասցեին քննադատություններ հնչեցնողներին:
Առաջինը ՕԵԿ խմբացության ղեկավար Հեղինե Բիշարյանն էր, ով կասկածի տակ էր առել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է լինել թիվ մեկ ընդդիմադիրը.«Այն բանից հետո, երբ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեցի, որ «Քաղպայմանագիրը» հավակնում է լինել միակ ընդդիմություն, այս դահլիճում հոգեխանգարմունքի սեանսներ տեղի ունեցան: Այս դահլիճից ճիչեր են արձակում, թե ոմանք հավակնում են եզակի ընդդիմություն լինել, էդ ոմանք էլ մեր «Քաղպայմանգիրն» է: Այո՛, բա մենք պետք է լինենք, բա էդ դո՞ւք պտի հավակնեիք, որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Ալեքսանյանի հետ Հայաստանի բանտերը լցրել եք քաղբանտարկյալներով, որ Մարտի 1-ի զոհերի արյունը փոխել եք քյաշ պաշտոնով: Ստեղ ելույթներ են հնչում` գիտեք մենք ավանդական քաղաքական ուժ ենք, այս ավանդական կուսակցության համար ամենահրատապ խնդիրը իրենց անունը փոխելն է: Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, մի հատ էլ կարո՞ղ ա անունները փոխեն, բեղ պահեն, որ ճանաչող չլինի»,- ասաց Փաշինանը:
Փաշինյանի քննադատութուններին տեղից արձագանքեց Հեղինե Բիշարյանը:
«Վալերյանկա չկա, հանգստացի՛ մի հատ»,- սաստեց Փաշինյանը:
Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, որը հայտարարել էր, թե ՀՀ-ում կան կուսակցություններ, որոնք աղանդավորական կազմակերպություններ են հիշեցնում: «Սա ասում է մի կուսակցություն, որի ամբողջ կենսագրությունը մեկ անձի առավոտյան, միջօրեի և երեկոյան պաշտամունքի վրա է հիմնված: Տիկին Զոհրաբյանը իր ելույթում ասում էր, թե մենք գիտենք ձեր չափը, ձեր պայմանավորվածությունը, հետո ինքը զանգում է խմբագրություններ և ասում` «Հովիկ Արգամիչը ջղայնացած է, որ ես բամփել բառը օգտագործել եմ, էդ մասը հանեք»: Ուրեմն, տիկի՛ն Զոհրաբյան, ես խնդրում եմ իրականության զգացումը մի՛ կորցրեք, Դուք այլևս «Հայկական ժամանակ» թերթի լրագրող չեք, որ խոսքի ազատություն ունենաք: Էքստազի մեջ մի՛ ընկեք և մի՛ օգտագործեք բառեր, որոնք Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը Ձեզ թույլ չեն տվել: Չափերը, բանը ճշտեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: