Երբ կարելի է գնալ Բաղրամյան

Այսօր` ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքական վերջին իրադարձություններին սեփական գնահատականը ներկայացրեցին երիտասարդ ակտիվիստները:
“Երիտասարդական ընդվզում” քաղաքացիական շարժման ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կարծիքով` սխալ էր առանց հստակ ծրագրի շարժում առաջնորդելը:
“Չի կարելի ժողովրդին հավաքել, ասել ժամը 12-ին կգաք` էլի բան կասեմ, հետո` գնացեք տուն, եկեք` ուրիշ բան կասեմ, հետո կգաք էլի բան կասեմ … Այսպես չի լինում, պետք էր ծրագիր, ժողովուրդը ուզում է դա տեսնի, ոչ թե ասել` բարև Հայաստան, գնացեք տուն` չի կարելի”:
Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը նշեց, որ ապրիլի 9-ին եւ ընդհանրապես այս իրավիճակում վաղ է ժողովրդին Բաղրամյան փողոց տանելը, քանի որ դա ամբողջ ժողովուրդը չէ.
“Եղան մարդիկ, ովքեր մայթերով անցնում էին` հավաքվածների վրա ուշադրություն անգամ չդարձնելով: Երբ կվերանա այդ անտարբերությունը, այդ ժամանակ էլ կարելի է գնալ Բաղրամյան”:
Բնապահպան ակտիվիստը չցանկացավ գնահատականեր հնչեցնել Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների վերաբերյալ. “Ես հարթակում կանգնած մարդկանց ոչ հավատացել եմ, ոչ էլ կհավատամ: Րաֆֆի Հովհաննիսյանի արարքը թող ժողովուրդը գնահատի”: