Ազգային ժողովում թեժ է. “մարտի 1-ի” դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի հարցն է քննարկվում
Այսօր ապրիլի 11-ին շարունակվում է ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը, որին թեժ մթնոլորտ է սպասվում:
Այսօրվա նիստին քննարկվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության հեղինակած 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը մարտի 15-ին դրական որոշում է կայացրել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ, որը ներկայացրել էր ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջահանգիրյանը: Նախագիծը ներկայացվել էր դեռեւս նախորդ տարի, սակայն ՀՀԿ-ի հետ պայմանավորվածության հիման վրա Գագիկ Ջահանգիրյանը դրա քննարկումը հանձնաժողովում հետաձգել էր նախագահի ընտրությունից հետո:
Ըստ նախագծի, որն արժանացել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի հավանությանը, ժամանակավոր հանձնաժողովի անդամ կարող են լինել երկու պատգամավոր ՀՀԿ-ից, մեկական պատգամավոր ԱԺ մյուս խմբակցություններից՝ ԲՀԿ, ՕԵԿ, Ժառանգություն, ՀՅԴ, ՀԱԿ: