Հռոմի պապի խորհրդանշական արարքը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստան խորհրդանշական ավարտ ունեցավ:
Խոր Վիրապում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն որպես խաղաղության ուղերձ աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան և հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ:
Խոր Վիրապից Ֆրանցիսկոս Պապը ուղևորվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Այնտեղ տեղի ունեցավ հրաժեշտի արարողությունը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ավարտեց իր ուխտագնացությունը առաջին քրիստոնյա երկիր:
Նշենք, որ այցի երեք օրերի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եղավ նաև էջմիածնում, Գյումրիում և Երևանում:
Հռոմի պապն այցի առաջին իսկ օրը Հայաստանում վերահաստատեց, որ 1915թվականի իրադարձությունները Ցեղասպանություն են: Նա իր ելույթում օգտագործեց Ցեղասպանություն բառը:
Հիշեցնենք նաև, որ այսօր վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բաց խորանում անցկացվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ Սուրբ Պատարագի արարողությանը, որին հաջորդեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը:
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին համատեղ մատուցվող էկումենիկ արարողությունը, որի ընթացքում նաև խաղաղության աղոթք ուղղվեց: Հռոմի պապն այցելեց նաև Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև եղավ Գյումրիում, որտեղ ևս պատարագ մատուցեց: