Փոխելու ժամանակը. Առավոտ
Մեկ տարի առաջ ես վերջնականապես համոզվեցի, որ այն սերունդը, որը գալիս է մեզնից հետո, իր պետական որակներով ավելի լավն է, բան մենք: Դա տեղի ունեցավ «էլեկտրիկ Երեւանի» ժամանակ: Երիտասարդները, որոնք բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, չէին հարում որեւէ կուսակցության, նրանք չունեին վառ արտահայտված լիդերներ, հանդես չէին գալիս «ուղեղի կոշտուկ» առաջացնող, 25 տարի կրկնվող ճառերով եւ կարգախոսներով:
Նրանք պարզապես եկել էին ու նստել Բաղրամյան պողոտայում, այնտեղ գիշերներ էին անցկացնում, երգում էին, պարում, շփվում: Նրանք տարբեր էին իրենց կրթական ցենզով, սոցիալական վիճակով եւ ծագումով, բայց նրանց միավորում էր ՊԵՏՈԻԹՅԱՆ զգացողությունը, պետություն, որտեղ նրանք ծնվել են եւ որտեղ, հուսով եմ, պատրաստվում են ապրել:
Դա դրական էներգիայի մի ժայթքում էր, որը մենք տեսանք նաեւ այլ ավելի ողբերգական հանգամանքներում' ապրիլյան պատերազմի ժամանակ, բայց տեսեք դարձյալ նոր, չեմ վախենա այդ բառից
` պայծառ սերնդի դրսեւոում: Նրանք, կարծես թե, եկան ապացուցելու հայտնի ճշմարտությունը, որ խիզախությունն այն չէ, երբ մարդ ոչ մի բանից չի վախենում, այլ այն դեպքն է, երբ մարդն ունի իր վախը հաղթահարող ավելի բարձր նպատակներ: Հարց է ծագում` ինչու այդ էներգիան չի օգտագործվում մեր երկրի առաջ կանգնած լրջագույն խնդիրները լուծելու համար: Եվ, մասնավորապես, ինչո՞ւ են ասպարեզում եղած կուսակցական երիտասարդները, ի տարբերություն սահմանին կանգնածների եւ «էլեկտրիկ Երեւանի» մասնակիցների, այդքան գորշ, ձանձրալի եւ «քառակուսի»:
Պատճառն այն է, որ մենք 25 տարում չենք ստեղծել այն «վերելակները», որոնք կբարձրացնեն արժանիներին: Նորմալ երիտասարդը խորշում է պետական ծառայությունից կամ քաղաքական գործունեությունից նույնիսկ այն դեպքում, եթե նրա համար ինչ-որ հրաշքով նման հեռանկար է բացվում: Տեսնելով փողկապավորներին եւ կրծքանշանավորներին` նա ամեն ինչ անում է այդ միջավայրից խուսափելու համար:
Դա շատ բնական է, բայց այդպես չի կարող երկար շարունակվել: Երբ ես տեսնում եմ, որ ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքներին, բացի բուն կուսակցականներից, գալիս են Ազատության հրապարակի շրջակայքում զբոսնող թոշակառուները եւ խնդրում են «Պողոս ջան, Պետրոս ջան, էս իշխանություններից մեզ փրկիր», ես հասկանում եմ, որ սերնդափոխության ժամանակը եկել է: Լավագույն երիտասարդները, որոնք, կրկնեմ, Հայաստանում մեծամասնություն են կազմում, քաղաքական եւ հասարակական ասպարեզներում տեղ չեն գտնում, հետեւաբար նրանք վաղ թե ուշ իրենց պահանջներով կհայտնվեն փողոցում: Պահանջները լինելու են կոնկրետ, օրինակ
` չընդունել ազնիվ մարդկանց եւ բարեխիղճ հարկատուների դեմ ուղղված նոր հարկային օրենսգիրքը:
Եվ եթե պահանջը ձեւակերպվի հստակ եւ գրագետ, ոստիկանությունը չի իմանա, թե ինչ է պետք անել: Ինչպես «էլեկտրիկ Երեւանի» դեպքում:
Արամ Աբրահամյան